Հայաստանում գործատու-աշխատող հարաբերություններում աշխատողները շատ անպաշտպան են, նրանց իրավունքները` հիմնականում ոտնահարված: Այս մասին այսօր` մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրավաբան Էմիլ Մարկոսյանը:

«Ճիշտ է`այս ոլորտը կարգավորվում է Աշխատանքային օրենսգրքով, սակայն կան բազմաթիվ խախտումներ: Ոտնահարվում են հիմնականում աղջիկների իրավունքները: Եթե գործատուն իմանում է` նա մոտ ժամանակներս ամուսնանալու է, ձերբազատվում են նրանից, անի որ ֆիզարձակուրդի գումար չի ցանկանում վճարել»,-ասաց իրավաբանը:

Էմիլ Մարկոսյանը աշխատողի իրավունքների խախտման պատճառը համարում է այն, որ հանրապետությունում հիմնականում աշխատանքի են անցնում առանց աշխատանքային պայմանագրի:

«Այս դեպքում աշխատողը հենց ինքն է օրինախախտը: Գործատուն կարող է աշխատեցնել, չվարձատրել եւ դա լրիվ արդարացված լինի»,-նշեց իրավաբանը:

Էմիլ Մարկոսյանի խոսքով` ոտնահարված իրավունքներով աշխատողները կարող են իրենց իրավունքների համար պայքարել դատական կարգով, սակայն դա ստեղծում է կրկնակի լարվածություն եւ հետագայում նոր աշխատանք չգտնելու վտանգ:

Հոգեբան Սիրանուշ Անդրեասյանն իր հերթին հավելեց, որ աշխատանքային իրավունքի ոտնահարումը հանգեցնում է մի շարք հոգեբանական խնդիրների եւ աշխատողը աշխատավայրում միջանձնային հարաբերությունները կարգավորելու փոխարեն նախընտրում է դիմում գրել եւ հեռանալ:

«Աշխատողի մոտ առաջանում է ինքնապաշտպանական մեխանիզմ` ագրեսիա: Այսօր շատ գործատուներ օրենքից դուրս շատ բան են անում, աշխատողը լռում է, մի օր էլ ասում է` ես ձեռքերս լվանում եմ»,-ասաց հոգեբանը:

Ըստ հոգեբանի` աշխատողին պրեսինգի է ենթարկում այն, որ վերջինը արտաժամյա աշխատանքի հետեւանքով չի կարողանում ինքնազարգացմամբ զբաղվել:

«Երկարացված աշխատաժամերը աշխատողի հոգեկանի վրա վատ ազդեցություն են ունենում, ժամանակ չի ունենում ինքնազարգանալու, դուրս գալու, եւ սկսում է զզվել իր աշխատանքից, նույնիսկ եթե սիրում է իր մասնագիտությունը, ասում է` վերջ ես էլ չեմ կարող»,-նշեց Սիրանուշ Անդրեասյանը:

Հոգեկանը այս ոլորտում եւս մի միտում է նկատում` սեռային խտրականություն:

«Ոչ մի գործատու տղամարդուն չի ասում` երբ ես ամուսնանալու, իսկ աղջկան միշտ հարցնում են: Բացի դա նույն հաստիքի համար տղամարդը ավելի շատ է հաճախ վարձատրվում, քան կինը»,-ասաց Անդրեասյանը: