Կառավարությունը փորձելու է տարածքների տնտեսական զարգացման մոտեցումները գյուղ առ գյուղ զարգացնել եւ այդ ուղղությամբ տանել առաջիկա ներդրումային քաղաքակությունը: Այս մասին, մարտի 18-ին, Տավուշի մարզում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Տարածքային նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում նախարարին ուղեկցել են Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի ղեկավար Արմեն Տիրատուրյանը: Նախարարն այցելել է մարզի մի շարք սահմանամերձ համայնքներ, մասնավորապես` Բաղանիս, Ջուջեւան, Բերդավան, Դովեղ,  հանդիպել համայնքի բնակիչների հետ, զրուցել խնդիրների շուրջ:  Համայնքապետերի հետ ունեցած հանդիպումների ժամանակ նախարար Դավիթ Լոքյանը հետաքրքրվել է, թե կոնկրետ ինչ ծրագրերի անհրաժեշտություն կա տվյալ համայնքում  իրականացնելու` ելնելով տվյալ համայնքի կարիքներից: Քննարկվել են նաեւ ՄԱԶԾ «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակներում իրականացվող եւ իրականացվելիք համայնքային ծրագրերին վերաբերող հարցեր: ՌԴ կառավարության կողմից ֆինանսավորվող վերոնշյալ ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից`  ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Ծրագրի շրջանակներում   Տավուշի մարզի քառասունհինգ սահմանամերձ համայնքների բնակիչներ հնարավորություն կունենան մշակելու իրենց համայնքային ծրագրերը՝ թիրախավորելով ֆինանսավորման համար այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ենթակառուցվածքների վերականգնումը եւ եկամուտ ստեղծող ծրագրերը:    

«Մենք փորձելու ենք տարածքների տնտեսական զարգացման մոտեցումները գյուղ առ գյուղ զարգացնել եւ այդ ուղղությամբ տանել առաջիկա ներդրումային քաղաքակությունը»,-նշել է իր խոսքում նախարար Դավիթ Լոքյանը:

Այնուհետեւ նախարարն ուղեւորվել է Նոյեմբերյան, որտեղ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի, Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքապետերի եւ ոլորտի այլ պատասխանատուների հետ անցկացրել է խորհրդակցություն` համայնքներում աղքատության հաղթահարման ուղիների վերաբերյալ հարցերը քննարկելու նպատակով:  Ներկաներին ուղղված իր խոսքում Դավիթ Լոքյանը Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների հիմնական խնդիրներից է համարել համայնքի բնակիչների կողմից  եկամտաբեր տնտեսություն վարելը: Նախարարը նշել է, որ  շուտով ՀՀ կառավարությունը կընդունի «Հայաստանի 2016-2025թթ. տարածքային  զարգացման ռազմավարություն» փաստաթուղթը, որն ամբողջությամբ նվիրված է լինելու վերոնշյալ գաղափարին, այն է` համայնքների տնտեսական ներուժի բացահայտում եւ այդ ուղղությամբ ներդրումային քաղաքականության իրականացում: 

«Ես տպավորված եմ, որ մարզպետը ինձանից շատ այս խնդրի ջատագովն է, եւ մենք այստեղ չհաջողելու խնդիր չունենք, եթե դուք նույնպես միանաք մեր այս ընդհանուր գաղափարին: Սա դառնում է պետության հիմնական առանցքային ուղղություններից մեկը` տարածքները հավասարաչափ զարգացնելու եւ ՀՆԱ-ն մեծացնելու գործում»,-ասել է Դավիթ Լոքյանը խորհրդակցության ավարտին: