Հայաստանի զարգացման հիմնադրամի կառուցվածքը, նրա առջեւ դրված խնդիրները վերանայման կարիք ունեն: Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ համաձայն հաստատված օրակարգի՝ քննարկվել է հիմնադրամի 2015 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը նշել է, որ հաշվետու տարվա ընթացքում իրականացված միջոցառումներն ուղղված են եղել արտահանմանը միտված պետական աջակցությանը, ներդրումների խթանմանը եւ զբոսաշրջության զարգացմանը: Մասնավորապես, հիմնադրամի ծրագրերն ուղղվել են մշակող արդյունաբերության, այդ թվում՝ գյուղմթերքների, խմիչքների, դեղագործության, ոսկեգործության, ադամանդագործության, ժամագործության, ճշգրիտ ճարտարագիտության եւ այլ ոլորտներում գործող ընկերությունների զարգացմանը: Աջակցություն է ցուցաբերվել ավելի քան 600 կազմակերպությունների, բացահայտվել են 1100 նոր գործընկերներ, ինչի արդյունքում աջակցություն ստացած ձեռնարկություններն, ընդհանուր առմամբ, իրականացրել են 18 միլիարդ դրամի արտահանում: 

2015-ի ընթացքում կազմակերպվել եւ անցկացվել են 13 գործարար համաժողովներ՝ ՌԴ-ի,  Չեխիայի, Լյուքսեմբուրգի, Իրանի, Վրաստանի, Մոլդովայի եւ այլ երկրների գործընկերների հետ: Համաժողովներին մասնակցել են 1100 հայ գործարարներ՝ տնտեսության գրեթե բոլոր ոլորտներից: Հիմնադրամի կողմից սուբսիդավորվել է 16 ընկերության վարկային ծրագիր, ինչի արդյունքում այդ ձեռնարկությունների տարեկան արտահանման ծավալը կազմել է 13 մլրդ դրամ: Համաֆինանսավորվել է նաեւ արդյունաբերական ոլորտում գործող, այդ թվում՝ դեղագործության, ճշգրիտ ճարտարագիտության, սննդամթերքի եւ խմիչքների արտադրությամբ զբաղվող 9 ընկերությունների 13 հայտ՝ միջազգային սերտեֆիկատների ստացման եւ դեղերի գրանցման համար՝ արտերկրի շուկաներում արտահանում ապահովելու նպատակով: Սերտեֆիկացման հիմնական երկրներն են եղել՝ ԵՄ պետությունները, ԱՄՆ-ը, Կանադան, Վրաստանը, Ուզբեկստանը եւ Ուկրաինան:

Ներկայացված հաշվետվությունից հետո խորհրդի անդամներն իրենց դիտարկումները, մոտեցումներն ու առաջարկություններն են ներկայացրել հիմնադրամի  գործունեության, նպատակների եւ ծրագրային ուղղությունների վերաբերյալ: Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն:

Ամփոփելով քննարկումը՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ կարեւոր մոտեցումներ ունի հիմնադրամի գործունեության կառուցվածքի, նրա առջեւ դրված խնդիրների վերանայման, իրականացվող ծրագրերի արդյունավետության հետեւողական բարձրացման առնչությամբ: Գործադիրի ղեկավարը կարեւորել է ծրագրերի առավելագույնս արդյունավետ եւ թափանցիկ իրականացումը եւ առաջարկել խորհրդի բոլոր անդամներին սեղմ ժամկետում իրենց տեսլականը ներկայացնել  հիմնադրամի կանոնադրության, կառուցվածի վերաբերյալ՝ դրանք վերանայելու, թերություններն արագ վերացնելու եւ արդյունավետությունը բարձրացնելու համար: Վարչապետն ընդգծել է, որ նշված ուղղություններով խորհուրդն ունի լուրջ անելիքներ: