«Շիրակ կենտրոնը» կոչ է անում Գյումրիում անօթեւան բնակիչներին բնակարան նվիրելուց հետո քանդել նրանց տնակները:
Այս առնչությամբ, «Շիրակ Կենտրոնի» տարածած հայտարարության մեջ նշվում է.
««Շիրակ կենտրոնը» ուրախ է եւ ողջունում է անօթեւան ընտանիքներին բնակարանների նվիրաբերման ոլորտում վերջին շրջանում նկատվողաննախադեպ աշխուժությունը:
Հասկանալի է, որ երկար տարիների ընթացքում անօթեւանության խնդիրը բավականին բարդություններ է առաջբերել եւ որոշելը, թե ում եւ ինչպես բնակարաններ նվիրել, նույնպես դժվար է: Օրինակ՝ մեզ հանդիպել են ընտանիքներ, ովքեր դժվարությամբ են համակերպվում՝ առնետների բնի վերածված խոնավ ու քայքայված, տնակները քանդելու մտքի հետ:
Ընտանիքներ էլ կան, որոնք իրենց առանց այդ էլ ծանր սոցիալական վիճակը առավել ծանր ներկայացնելու նպատակով, պնդում են թե, իբր ժամանակավոր կացարանը իրենց չի պատկանում: Հանդիպում են նաեւ ընտանիքներ, որոնք անգամ բնակարաններ ունենալուց հետո էլ փորձում են դոմիկները պահել: Իհարկե շատ ընտանիքներ կան, որոնք իրոք այլոց դոմիկներում են բնակվում, բայց մեր դիտարկումները ցույց են տալիս, որ շատ-շատերն էլ պարզապես հորինում են:
Այդ իսկ նպատակով բնակարաններ անօթեւան ընտանիքներին նվիրաբերող կառույցներին եւ անհատներին կոչ եմ անում, մանրամասն եւ բազմակողմանի ուսումնասիրել ժամանակավոր կացարանների պատկանելիությունը եւ փորձել ամեն գնով քանդել դրանք:Նույնիսկ այդ գործը չարժե վստահել բնակարանատերերին, քանի որ հնարավոր է բավարարվեն զուտ տնակները տեղափոխելով մի տեղից՝ մյուսը:
Հավատացեք Գյումրին անօթեւանությունից եւ տնակներից կարող է ձերբազատվել միայն դոմիկների քանդման ճանապարհով: Ես «Շիրակ կենտրոնի» երկարամյա փորձից ելնելով եմ ասում, իսկ մենք վերջին 3 տարիներին տասնյակ բնակարաններ ենք նվիրել եւ տասնյակ դոմիկներ ենք քանդել:



























