ԼՂՀ Պաշտպանության բանակի զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով մահացած 19-ամյա ժամկետային զինծառայող Հովհաննես Հարությունյանին հոգեհանգստի արարողությունից հետո ստիպված են եղել նորից տեղափոխել դիահերձարան: NEWS.am-ի հետ զրույցում Հովհաննեսի ընկերներից Գեւորգը նշեց, որ տունը, որտեղ ապրում է Հովհաննեսի 5 հոգանոց ընտանիքը, ընդամենը մեկ փոքր սենյակ է, ընտանիքի բոլոր անդամենրը մնում են այդ սենյակում եւ հնարավոր չի եղել Հովհաննեսի մարմինը հոգեհանգստից հետո եկեղեցուց տուն տեղափոխել:
«5 հոգով էդ մի սենյակի մեջ են մնում, քանի որ գիշերը վտանգավոր է եկեղեցում մարմինը թողնել հասկանալի պատճառներով, ստիպված ժամը 19:00-ի սահմանում նորից մոռգ են տարել, հետո առավոտվա 11-ի կողմերը նորից բերել եկեղեցի՝ հուղարկավորելու»,-ասաց Հովհաննեսի ընկերը:
Ավելի վաղտեղեկացրել էինք, որ այսօր Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի գերեզմանատանը հուղարկավորել են ԼՂՀ Պաշտպանության բանակի զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով մահացած 19-ամյա ժամկետային զինծառայող Հովհաննես Հարությունյանին:
Հովհաննեսը երկու քույր եւ մեկ եղբայր ունի, ինքն ընտանիքի երրորդ երեխան էր: Նա սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքից էր, բնակվում էին Աշտարակի Մուղնի թաղամասում, զբաղվում անասնապահությամբ: Նրանք տուն չունեն, ապրում են ծանր պայմաններում:
Նշենք, որ Հովհաննեսը ծնունդով Արմավիրի մարզի Արեւիկ գյուղից էր, նրանց ընտանիքը տարիներ առաջ Արեւիկից տեղափոխվել է Աշտարակ:
Զինծառայողը զոհվել է մարտի 17-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:



























