«Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը 5-օրյա ջրադուլից հետո արդեն սկսել է կազդուրվել: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Կյուրեղյանի հայրը` Արմենակ Կյուրեղյանը:
Նրա խոսքով, Հայկի մոտ հյուծվածությունը համեմատաբար անցել է, նա սկսել է ապաքինվել:
«Հայկը շատ էր հյուծվել ջրադուլից հետո, առողջական լուրջ խնդիրներ ուներ, այժմ արդեն իրեն համեմատաբար լավ է զգում, կազդուրվում է: Նա շարունակում է մնալ մենախցում»,-ասաց Արմենակ Կյուրեղյանը:
Նշենք, որ Հայկ Կյուրեղյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հունվարի 14-ին իրեն մենախուց տեղափոխելու պահանջով հացադուլ էր սկսել, իսկ հունվարի 18-ից` ջրադուլ: Նրա պահանջը հունվարի 23-ին բավարարվել էր, որից հետո Հայկ Կյուրեղյանին տեղափոխել էին մենախուց:
Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 15-ին «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 9 տարվա ազատազրկման էր դատապարտել Հայկ Կյուրեղյանին:
Գործով բողոք էր ներկայացվել Վերաքննիչ քրեական դատարան, դատարանը անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի վճիռը:




























