«Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիային այս տարի Հայաստանում կմասնակցի 54 դպրոց: Շուրջ 500 հայ դպրոցականներ ակցիայի շրջանակներում թափոններից եւ բնության կողմից չմարսվող նյութերից նկարներ ու ձեռքի աշխատանքներ են պատրաստել` նպատակ ունենալով մարդկանց համախմբել շրջակա միջավայրի պահպանության եւ ռեսուրսների խելամիտ օգտագործման գաղափարի շուրջ:

Այնթապի թիվ 2 դպրոցի աշակերտուհի Մանե Գրիգորյանը ստվարաթղթից, պլաստիկ շշերից, բամբակից, տարբեր ներկերից բեզոարյան այծ է պատրաստել: NEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Կարմիր գրքում գրանցված կենդանու գլուխը պատրաստելը մի նպատակ ուներ` մարդկանց ուշադրությունը հրավիրել վերացման եզրին գտնվող  կենդանիների վրա:

«Պատրաստել եմ բեզոարյան այծ, որ մարդիկ ճանաչեն եւ ավելի քիչ վնասեն կենդանիներին: Միայն թափոններ եմ օգտագործել` ցույց տալու համար, որ դրանցից էլ կարելի է ինչ-որ գեղեցիկ բան պատրաստել»,- ասաց Մանեն Գրիգորյանը:

Աշակերտների աշխատանքները կմասնակցեն «Տապան» էկո ակումբ ՀԿ-ի եւ WWF հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված «Կանաչ մոլորակ»` նկարների եւ թափոններից պատրաստված ձեռքի աշխատանքների մրցույթին:

«Մրցույթը նպատակ ունի աշակերտներին իրազեկել, որ գոյություն ունի  «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիա, որ պետք է ուշադրություն դարձնեն շրջակա միջավայրի խնդիրներին, չվնասեն բնությանը»,- նշեց «Տապան» էկո ակումբ ՀԿ ծրագրերի համակարգող Շամամ Գեւորգյանը:

Նրա խոսքով` «Կանաչ մոլորակ» մրցույթին այս տարի մասնակցում են հանրապետության 6 մարզերից շուրջ 500 աշակերտներ: Աշխատանքները մարտի 26-ից ապրիլի 2-ը կցուցադրվեն Mirzoyan library գրադարան-սրճարանում, ինչից հետո ժյուրիի կողմից ընտրված լավագույն նկարների եւ թափոններից պատրաստված իրերի հեղինակները կպարգեւատրվեն:

Հիշեցնենք, որ Սիրողական հեծանվասպորտի եւ հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի նախաձեռնությամբ այսօր` մարտի 19-ին, ժամը 20.30-ից սկսած շուրջ 200 հեծանվորդներ հեծանվարշավ կսկսեն Մաշտոցի պուրակից` շարժվելով Երեւանի կենտրոնական փողոցներով: Ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանն ասում, որ սրանով Հայաստանի բազմաթիվ հեծանվորդներ իրենց մասնակցությունն են ցուցաբերում   «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիային:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում եւ Հայաստանի ամբողջ տարածքում «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիայի շրջանակներում մարտի 19-ին` ժամը 20.30-21:30-ը, ՀՀ քաղաքացիները կանջատեն էլէկտրականությունը` իրենց ներդրումն ունենալով կլիմայի փոփոխության ազդեցության վրա: