Հայաստանի ընտրացուցակներն արդեն մաքուր ցուցակներ են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն` անդրադառնալով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի` ուռճացված ընտրացուցակները Վրաստանում կիրառված մեթոդով մաքրելու առաջարկին:

«Մեր ցուցակները մաքուր ցուցակներ են, որովհետեւ ցուցակներ վարող մարմնի բազան անընդհատ կապի մեջ է քաղաքացիական ակտերը գրանցող մարմնի հետ: Այսինքն` մահացած մարդկանց տվյալները բավականին օպերատիվ կերպով հանվում են փաստաթղթերից»մ-ընդգծեց Մուկուչյանը:

Ինչ վերաբերում է արտասահմանում գտնվող քաղաքացիներին, որոնք ընդգրկված են ընտրացուցակներում եւ նրանց փոխարեն քվեարկություն է տեղի ունենում, ԿԸՀ նախագահն ասաց. «Եթե Հայաստանում փաստացի չգտնվող անձինք ունեն Հայաստանի հաշվառում, ապա այդ անձանց անունները ամրագրվում է ընտրողների ցուցակում: Այսինքն` միայն այն հանգամանքը, որ տվյալ պահին անձը բացակայում է հանրապետությունից, դա հիմք չէ անձին ընտրողների ցուցակներից հանելու համար»:

Դիտարկմանը, թե ընդդիմությունն առաջարկում է Հայաստանում չգտնվողների անուններն ընդգրկել առանձին ցուցակում եւ երկու ցուցակներով իրականացնել գործընթացը, ԿԸՀ նախագահն արձագանքեց. «Եթե անձի անունը կա ընտրողների ցուցակում եւ եթե նույնիսկ այդ ցուցակը առանձնացնում ենք, ապա ես չեմ հասկանում իմաստը: Միեւնույն է` եթե անձը այդ օրը վերադարձել է եւ գալիս է երկրորդ ցուցակով քվեարկելու, որեւէ խնդիր չի լուծվում, որովհետեւ եթե նույն անձի անուն ագզանունը գտնվում է ընդհանուր ցուցակում, ապա այնտեղ քվեարկություն կկատարի, եթե առանձին` առանձինում: Իսկ եթե չի գալիս՝ ոչ մի տեղ էլ չի քվեարկում, այսինքն` առանձին ցուցակում ստորագրի, թե միասնական ցուցակում, սկզբունքային խնդիր չկա»:

Ըստ Մուկուչյանի` իմաստ չկա նաեւ իշխանության եւ ընդդիմության հետ համատեղ հանձնաժողով ստեղծել ու տուն առ տուն շրջելով` գրանցել` ով է գտնվում Հայաստանում, ով` ոչ, ինչպես Վրաստանում է:

«Վրաստանում մինչ այդ գոյություն ունեցող ցուցակների հետ, որ համեմատում ենք մեր ներկայիս ցուցակները, դրանք բոլորովին տարբեր որակի ցուցակներ են: Մեզ մոտ ընտրացուցակների մաքրումը միշտ է տեղի ունենում, դրանք մշտապես վարվող են, անընդհատ փոփոխություններ են տեղի ունենում եւ ցուցակների հրապարակումը, որը իրականացվում է տեղամասային կենտրոններում եւ մշտապես ԿԸՀ-ի կայքում առկա է, նպատակը դա էր, որ անձինք ծանոթանան ու ճշգրտումներ իրականացնեն»,-ասաց նա:

Տիգրան Մուկուչյանը պնդեց, որ անհրաժեշտություն չի տեսնում  լրացուցիչ հաշվառում կատարելու: