Լոռու մարզի Կաթնաջուր գյուղում այսօր՝ մարտի 19-ին, տեղի է ունեցել Արցախում հակառակորդի կրակոցից մարտի 17-ին զոհված ժամկետային զինծառայող Արտյոմ Վարդերեսյանի հոգեհանգիստը, որին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կաթնաջուրի գյուղապետ Արմեն Պապոյանը:

Հոգեհանգստի արարողությանը ներկա են եղել նաեւ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը,  բարձրաստիճան զինվորականներ:

Նշենք, որ Արտյոմի ազգականուհի Վիոլետա Վարդանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ մարտի 30-ին կլրանար Արտյոմի 20 ամյակը, իսկ հունիսին նա կվերադառնար ծառայությունից:

Արտյոմը երեխաներից ավագն էր, ունի երկու քույր:

Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2016 թվականի մարտի 17-ին, ժամը 14:55-ի սահմաններում հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 19-ամյա Արտյոմ Արսենի Վարդերեսյանը:

Դեպքի առթիվ Զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: