Ուռճացված ընտրացուցակները ընդդիմության հետ համատեղ աշխատանքով մաքրելու ՀԱԿ-ի առաջարկին դեռ արձագանք չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Դիտարկմանը, թե ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ու ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը NEWS.am-ի հետ զրույցում արդեն հայտարարել, են որ անհրաժեշտություն չկա այդ առաջարկն ընդունել, Արամ Մանուկյանն ասաց. «Դա վիրավորանք է այն մարդկանց նկատմամբ, որոնք այդ ցուցակները մաքրելու են, 11 հազար մարդ Վրաստանում, որի մի մասը կամավորներ են եղել, այդ գործն արել են, եւ դա բարձրացրեց ժողովրդի վստահությունը, 35 տոկոսից վստահությունը բարձրացել է մինչեւ 95 տոկոս: Հրաշալի ռեֆորմ են արել այդ մարդիկ: Երկար ժամանակների համար»:

Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների այն պնդումներին, որ մահացածներին ընտրացուցակներից հանելու արդյունավետ մեխանիզմ կա Հայաստանում` ՀԱԿ պատգամավորը նկատեց. «Մահացածները փոքր թիվ  են կազմում` 4 հազար հոգի: Մահացածներին ցուցակներից հանելը շատ հեշտ է, եւ հիմա շատ թե քիչ այդ գործընթացը կա, մեր ասած խնդիրն այլ է: Վրաստանում 2 հարյուր հազար մարդու ճշգրտումներ են մտցրել`անվան, ազգանվան հասցեի եւ այլն…  Դրանից բացի 380 հազար մարդու դիմաց գրվել է, որ արտասահմանում  են գտնվում: Ճշգրտել են, որ արտասահմանում են, բայց մնացել են ցուցակներում, չեն հանվել, բայց նրանց նկատմամբ ուշադրությունը դարձել է կրկնակի: Այսինքն 3-4 ամսվա տքնաջան աշխատանքի արդյունքում շուրջ 600 հազար մարդու տվյալ է ճշտվել»:

Արամ Մանուկյանը շեշտեց, որ Վրաստանում լինելու օրերին Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հանդիպել է Հայստանի ԿԸՀ ներկայացուցիչներին. «Իրենք շատ լավ ծանոթ են այդ փորձին, իմ մատուցմամբ չէ, որ պիտի ծանոթանան,  ընդամենը առաջարկում եմ այդ մոտեցումը: Շատ արդյունավետ է»:

Ընդդիմադիր պատգամավորը դեռ չի կարող ասել` իշխանությունը դա կընդունի, թե ոչ: Ընդգծեց, որ ընտրական գործընթացներում ակտիվ քաղաքացիական հասարակությունը նույնպես դա է առաջարկում:

«Եթե միավորվեն քաղաքական, քաղաքացիական ու միջազգային կառույցներն ու պնդեն այս առաջարկը, իշխանությունը խոհեմության սահմաններում կարող է ընդառաջ գնալ»,-իր խոսքն ամփոփեց Մանուկյանը: