Էլվիրա Իսաեւան, որն ուշացել էր Դուբայ-Դոնի Ռոստով ճակատագրական չվերթից, նախատեսում է տուն վերադառնալ FlyDubai ավիաընկերության ինքնաթիռով: Չարաբաստիկ չվերթի միակ ողջ մնացած ուղեւորուհին չի փոխել փոխադրող ընկերությունը, չնայած անցյալ գիշեր տեղի ունեցած ողբերգությանը:
FlyDubai-ը Ռոստով է թռչում շաբաթը մեկ անգամ: Ես մի շաբաթ կհանգստանամ, կսպասեմ` այս եղանակն անցի ու կթռչեմ, ասել է նա: Չնայած արդեն պատրաստ եմ գնացքով էլ գնալ, նույնիսկ` ոտքով… Սարսափելի է իհարկե, բայց մինչ այս, ոչ մի վատ բան չէի լսել FlyDubai-ի մասին, նրանք միշտ լավ էին թռչում, ես ինքս էլ արդեն առաջին անգամը չէ, որ օգտվում եմ, գրում է Lifnews-ը:
Հիշեցնենք, որ Էլվիրա Իսաեւան FlyDubai ավիաընկերության FZ981 չվերթի միակ ողջ մնացած ուղեւորուհին է: Ավիաաղետի հետեւանքով 61 մարդ է զոհվել:
Ավելի վաղ LifeNews-ին տված բացառիկ հարցազրույցում կինը պատմել էր, թե իրեն ինչպես է հաջողվել մահից խուսափել: Պարզվում է` նրան փրկել է զարթուցիչը, որը պատահաբար չի զանգել եւ Ռոստովի բնակչուհին ուշացել է ինքնաթիռից:



























