Երեւանում հանրային տրանսպորտի սակագնի վերանայում չի սպասվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան ասել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Գործող այս երթուղային ցանցի պայմաններում սակագնի վերանայում չի սպասվում»,- ասել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետի պնդմամբ, տրանսպորտի հիմնահարցի կարգավորումն առաջնահերթություն է. քաղաքային տրանսպորտը ոչ թե մասնակի փոփոխությունների կամ վերանայումների, այլեւ համալիր փոփոխությունների անհրաժեշտություն ունի. «Առաջիկայում սպասվում է տրանսպորտի հիմանահարցի կարգավորման հայեցակարգի ու մոտեցումների մշակում, ինչը, պատրաստ լինելու դեպքում, կներկայացվի հանրությանը: Մոտեցումները ներառում են վճարման միասնական համակարգի ներմուծում քաղաքային բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար, տրանսպորտի հստակ գործող չվացուցակ եւ «GPS» համակարգերով համալրված ավտոբուսներ, քաղաքացիների սպասարկման կանոնակարգեր եւ այլ մոտեցումներ, ինչը երեւանյան ներքաղաքային տրանսպորտի վիճակը կբարձրացնի միջազգային մակարդակի»: