Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը շարունակվում է, միայն այլ միջոցներով։ Ոչ թե Ռուսաստանի ԶՈւ գործողությունների շրջանակում, այլ ավելի շուտ Սիրիայի բանակի գործողությունների, որը Ռուսաստանից տեխնիկական օգնություն է ստանում։ Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Աշխարհաքաղաքական վերլուծությունների եվրոպական կենտրոնի ղեկավար Մատեուշ Պիսկորսկին։

Նրա խոսքով՝ Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերումը կապված էր փորձագիտական գնահատականների եւ երկրում իրավիճակի հանգամանալից վերլուծության հետ։ Հաշվի առնելով Սիրիայում տիրող իրավիճակը՝ կայացվեց որոշում, որը համապատասխանում է Սիրիայում ՌԴ Զինված ուժերի ռազմավարական խնդիրներին։ «Հատկապես որ նախագահ Բաշար Ասադը հստակ ընդգծեց, որ Ռուսաստանի բանակը կատարել է իր առջեւ դրված խնդիրները եւ հիմա ահաբեկչության եմ պայքարը Սիրիայի տարածքում ավելի արդյունավետ կլինի, քանի որ Ռուսաստանը նպաստել է հիմնական ռազմավարական տարածքներից ահաբեկչական խմբավորումներին դուրս մղելուն»,- ընդգծեց Մատեուշ Պիսկորսկին։

Անդրադառնալով հարցին, թե ինչպես կանդրադառնա ռուսական զորքերի դուրսբերումը Սիրիայում տիրող իրավիճակի վրա, նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ցանկացած օտարերկրյա զորքերի բացակայություն նպաստում է կառավարության եւ կառուցողական ընդդիմության միջեւ երկխոսությանը։ Հիմա ոչ ոք չի կարող ասել, թե Սիրիայի կառավարությունը գոյատեւում է բացառապես արտաքին աջակցության հաշվին։ Անխոս, իրադրությունը կտանի Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման հետ կապված խնդիրների իրականացմանը»։