Չնայած հակամարտող կողմերի միջեւ ձեռք բերված՝ իրավիճակը չապակայունացնելու մասին պայմանավորվածություններին, հանգստյան օրերին ադրբեջանական կողմի պատճառով իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում եղել է լարված:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2400 կրակոց:
Շփման գծի հարավային, հարավարեւելյան եւ հյուսիսային ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 (40 արկ) եւ 82 (11 արկ) միլիմետրանոց ականանետեր:
Սովորության համաձայն, փորձելով պարտակել իր ապակառուցողական գործողությունները, Ադրբեջանը լարվածության աճի մեջ շտապել է մեղադրել հայկական կողմին:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կրկին վերահաստատում է իր հանձնառությունը խստորեն հետեւել ձեռք բերված պայմանավորվածություններին՝ միեւնույն ժամանակ պատրաստ լինելով կանխել հակառակորդի ցանկացած սադրիչ գործողություն:




























