«Յունիգրաֆ իքսի» վերաբերյալ կենդանասերների հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշելէ Երեւանի քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկումների վարչության պետի տեղակալ Ալֆրեդ Հունանյանը՝ մհավելելով, որ ինքը նման եզրակացությանն է հանգել՝ ընթերցելով «Յունիգրաֆ-Իքսի» պարզաբանումը:

«Ոչ մի խնդիր չկա «Յունիգրաֆ իքսի» հետ: Որ կենդանասերները ամլացված եւ փողոցներում բաց թողնված շներին տարել, ստուգել էին, «Յունիգրաֆը» հերքում տվեց շատ լրատվամիջոցների: Նրանք հիմնավորել են եւ ասել, որ մասնագիտորեն է կատարվել աշխատանքը»,- ասաց Ալֆրեդ Հունանյանը՝ նշելով, որ ինքը հավատում է «Յունիգրաֆ-Իքսի» տարածած պարզաբանմանը:

Նշենք, որ մարտի 10-ին կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո թիմ» ՀԿ-ն բացահայտել է դրանց վնասազերծմամբ եւ ստերիլիզացմամբ զբաղվող «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի կեղծիքը: Կենդանասերներն անասնաբուժանական կլինիկա են տեղափոխել «Յունիգրաֆ-Իքսի» բաց թողած 40 շներից 7-ին, վիրահատել եւ պարզել են, որ նրանք կամ ստերլիզացված չեն, կամ դա արվել է կոպիտ խախտումներով: Մեկ օր անց Երեւանի քաղաքապետը աշխատանքային խորհրդակցություն հրավիրեց եւ Առեւտրի եւ սպասարկումների վարչությանը հանձնարարեց պարզել, թե ինչ է տեղի ունեցել:

Ալֆրեդ Հունանյանն այդպես էլ չկարողացավ հստակ նշել՝ արդյոք իրենք ուսումնասիրություն կատարել են եւ հատկապես ինչ են պարզել, միայն շեշտեց, որ «Յունիգրաֆ իքսը» 8-9 լրատվամիջոցի պարզաբանում է տվել:

«Եկեք՝ անկեղծ լինենք, իմ դաստիարակությունն այդպիսին է, որ անկեղծ պետք է լինեմ, ես այդպիսին եմ: Ոչ թե «Յունիգրաֆին» եմ պաշտպանում, այլ ասում եմ՝ կենդանասերները մշտապես ապատեղեկատվություն են տարածում: Օրինակ բերեմ, ես օդի մեջ չեմ սիրում խոսել. ՌԴ-ում շները մարդկանց էին կծել, մահացել էին, հարազատները որոշել էին վրեժ լուծել եւ վառել էին այդ շներին: Այդ տեսանյութը հայտնվել էր համացանցում, հայաստանցի կենդանասերներն էլ ներկայացրին, թե Երեւանում է այդ դեպքը տեղի ունեցել: Սա միակ դեպքը չէ»,- ասաց Ալֆրեդ Հունանյանը՝ նշելով, որ քանի մայրաքաղաքում թափառող շներ կան, իրենք չեն կարող գոհ մնալ «Յունիգրաֆ իքսի» կատարած աշխատանքից: