Ապրիլի 17-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացնելու Հանրապետության 33 համայնքներում, սպասվում է, որ հատկապես թեժ ընտրություններ կլինեն Սպիտակ, Թալին եւ Հրազդան քաղաքներում:

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում առաջադրվել է 4 թեկնածու, որոնցից 3-ը իշխող «Հանրապետական» կուսակցության անդամներ: Այս համայնքում առաջադրվել են գործող քաղաքապետ Գագիկ Հենրիկի Սահակյանը, Գագիկ Ալբերտի Սահակյանը, Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը, ինչպես նաեւ անկուսակցական Ռոբերտ Աղումյանը:

Արագածոտնի մարզի Թալին քաղաքում նույնպես 4 թեկնածու է առաջադրվել. գործող քաղաքապետ Սարգիս Արամյանը, որին առաջադրել է ՀՀԿ-ն,  Թալինի կոմունալ ծառայության տնօրեն Գեւորգ Գրիգորյանը, որն անկուսակցական է, «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Գուրգեն Գրիգորյանը, ԱԺ գործերի կառավարչության առաջին կարգի մասնագետ Տիգրան Հարությունյանը, որը ՀՅԴ-ական է:

Թեժ ընտրություններ են սպասվում նաեւ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: Այստեղ առաջադրվել է 5 թեկնածու. Հրազդանի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ, ՀՀԿ-ական Ռաֆայել Գրիգորյան, գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյան, «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ, ԱԺ փորձագետ Արթուր Միսակյան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյան, անկուսակցական Վաղարշակ Պողոսյան: