Ոչինչ չէր խանգարում ՀՀ երկրորդ նախագահին ինքնուրույն հաստատել, որ ինքը վերադառնում է քաղաքականություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն` արձագանքելով այն մեկնաբանություններին, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ստեղծելիք կուսակցության միջոցով պատրաստվում է քաղաքականություն վերադառնալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Թե կուսակցությունն ինչ կփոխի քաղաքական դաշտում, ժամանակը ցույց կտա: Ինչ վերաբերում է պարոն Օսկանյանի կողմից կուսակցություն ստեղծելուն, ինչպեսեւ ցանկացած քաղաքական գործչի կողմից կուսակցություն ստեղծելուն, չեմ կարող վատ վերաբերվել»,-ասաց Դավիթ Հարությունյանը:
Հարցին, թե արժանահավա՞տ է համարում այն մեկնաբանություններն ու պնդումները, որ կուսակցության միջոցով Ռոբերտ Քոչարյանը վերադառնալու է քաղաքականություն, նա արձագանքեց. «Ես կարծում եմ` ոչինչ չէր խանգարում երկրորդ նախագահին ինքնուրույն հաստատել, որ ինքը վերադառնում է քաղաքականություն: Երկրորդ նախագահն առանձնապես նրբանկատ, կամ այդպիսի եղանակներով հայտարարել իր վերադարձի մասին, բացարձակապես իրեն բնորոշ չէ»:
Դավիթ Հարությունյանը դժվարացավ հստակ նշել` Քոչարյանը որեւէ կապ ունի՞ ստեղծվելիք կուսակցության հետ, թե ոչ. «Ես չեմ կարող ասել, բայց ես ասում եմ` դա ձեւ չէ` կուսակցության միջոցով երկրորդ նախագահի քաղաքականություն վերադառնալու»:
Անդրադառնալով Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, որ մարտի 1-ի դեպքերի համար պատասխանատվություն է կրում այդ օրվա իշխանությունը, Դավիթ Հարությունյանն ընդգծեց. «Մարտի 1-2-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում ստեղծվել էր այնպիսի իրավիճակ, որ ցանկացած նման անկանխատեսելի զարգացումների պատասխանատուն բոլորն են` սկսած այն անձանցից, ովքեր եղել են թիկունքում այդ ուժերի, հրահրել նրանց ոչ այդքան կառավարելի քայլերը, վերջացրած իշխանության կարողությունների բացակայությամբ՝ այդ իրավիճակում պատշաճ լուծումներ տալու»:
Դիտարկմանը, թե նախկին արտգործնախարարի գլխավորած կուսակցությունը երկրորդ ուժը լինելու հավանականությո՞ւն ունի, նա արձագանքեց կարճ. «No comment»:



























