Վայոց ձորի Խաչիկ գյուղում ընտանիքի անդամները չեն նկատել, թե ինչպես է գայլը հարձակվել 75-ամյա կնոջ վրա:

«Իջել է, որ նկուղ գնա, հարձակվել է հենց նկուղի դռան մոտ: էդ պահին ոչ ոք չի տեսել, ինքը հետո շոշափելով բարձրացել է տուն»,- NEWS.am-ին պատմեց Ռոզա Հարությունյանի դուստրը՝ նշելով, որ մորը գյուղում առաջին օգնություն են ցույց տվել, ապա տեղափոխել հիվանդանոց:

Կինը պատմեց, որ դեպքից հետո հարեւան թաղամասերից մեկում շներից մեկը գայլ է խեղդել, որը, իրենց կարծիքով, նույն գայլն է, որը հարձակվել է մոր վրա:

Բնակչուհին գայլի հարձակումից դեմքի լուրջ վնասվածքներ է ստացել, բայց կյանքին վտանգ սպառնացող վնասվածք չունի, վիճակը միջին ծանրության է: Վնասվել է նրա դեմքի աջ հատվածը՝ աչքը, ծնոտը, այտը, ականջը, քիթը: Գիտակցությունը տեղն է: