Այսուհետ զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի կամ հիվանդության ձեռք բերման պատճառով զորացրված անձանց, որոնք բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել կտրամադրվի անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում ՀՀ ԲՍՓ գործակալության կառուցվածքային ստորաբաժանման եւ տարածքային մարմինների կողմից կազմած վերականգնողական անհատական ծրագրերի շրջանակում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ մինչ այս, ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման մասին» որոշման համաձայն զինծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդության պատճառով զորացրված անձինք, որոնք բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չէին ճանաչվում, քաղաքացիական բժշկական հաստատություններում ստացիոնար բուժօգնություն ստանալիս վճարումները կատարում էին իրենց միջոցներով եւ չէին օգտվում պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից եւ սպասարկումից: