Հայաստանյան դպրոցներում պետք է տարանջատել դրամահավաքն ու կամավոր ներդրումը: Այսօր` մարտի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը` անդրադառնալով Հանրակրթական ուսումնական հաստատությունների ներքին գնահատման հաշվետվությանը, որով թույլատրվում է ծնողների կամավոր ներդրումը:

«Պետք է անպատվաբեր դրամահավաքը տարանջատել կամավոր ներդրումից»,- ասաց Անահիտ Բախշյանը:

Բախշյանի խոսքով` Երեւանում ընդամենը 43 դպրոց է ներկայացրել հաշվետվությունը, սակայն կամավոր ներդրումների կետը ոչ մի տեղ լրացված չէ: Ըստ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամի, նախարարությունն էլ պետք է խրախուսի կամավոր ներդրումները. «Շրջաբերականներ են հրապարակում, թե դրամահավաքն արգելվում է: Պետք է ասել` կաշառքն է արգելվում, ոչ թե կամավոր ներդրումը»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը նույնպես կարծում է, որ դրամահավաքն անհնար է վերացնել, պարզապես պետք է հաշվետվություն ներկայացնել, թե ինչքան ներդրում է կատարում ծնողը:

«Ամբողջ աշխարհում մարտի 8-ը Կանանց տոնն է, իսկ Հայաստանում այդ օրն առանձնացնում են մանկավարժներին ու սկսում քարկոծել: Պետք չէ վատաբանել ուսուցիչներին»,- ասաց Ռուզաննա Մուրադյանը: