Ռուսաստանը պատրաստ է մարտի 22-ից միակողմանի կարգով կատարել Սիրիայում հրադադարի վերահսկողության մեխանիզմի մասին համաձայնագիրը: Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ -լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Տվյալ առաջարկներին ԱՄՆ-ի կողմից արձագանքի բացակայության դեպքում Ռուսաստանը մարտի 22-ին կսկսի միակողմանի կարգով պահպանել համաձայնագրով նախատեսված կանոնները»,- ասել է նա:

Ռուդսկոյի խոսքով, «ռազմական ուժը կիրառվելու է միայն Սիրիայում 2016թ. փետրվարի 22-ին մարտական գործողությունների դադարեցման մասին ռուս- ամերիկյան համատեղ հայտարարության իրականացման շրջանակում զինված խմբավորումների ստանձնած պարտավորությունների կանոնավոր խախտումների հավաստի ապացույցներ ստանալուց հետո»:

Նա նաեւ նշել է, որ հրադադարի ռեժիմը պահպանող խմբավորումների, նաեւ խաղաղ բնակչության ու քաղաքացիական օբյեկտների դեմ ռազմական ուժ չի կիրառվելու:

Ռուսական կողմը մարտի 5-ին ԱՄՆ իր գործընկերներին փոխանցել է Սիրիայի հարցով փոխզիջումային նախագիծ, նաեւ առաջարկել է հնարավորինս կարճ ժամկետում խոհրդակցություններ կազմակերպել դրա տեքստի համաձայնեցման համար: