Հայաստանում վերջին 10-12 տարիներին անտառվերականգնողական աշխատանքներ են իրականացվել շուրջ 35 հազար հա տարածքում, նոր անտառաստեղծման աշխատանքներ` շուրջ 3500 հա տարածքում: Այս մասին այսօր` մարտի 21-ին, ասուլիսին ասաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը:
«Սկսած 2000թ-ից մեծածավալ անտառվերականգնողական աշխատանքներ են տարվում Հայաստանում, արդեն 2004թ-ին այդ տարածքները հասան 35000 հա-ի: Պետք է նշեմ, որ այժմ այդ տարածքներում անհրաժեշտ է կատարել միայն խնամքի, այսինքն` արժեքավոր ծառատեսակների` կաղնի, հաճարենի, պահպանման աշխատանքեր»,- նշեց Մարտուն Մաթեւոսյանը:
Նրա խոսքով` Հայաստանում` «Հայանտառին» կցված անտառային ֆոնդը 342.000 հա է, որից անտառածածկ տարածքը կազմում է 277.000 հա:
«Իհարկե, կան նաեւ այլ` հատուկ պահպանվող տարածքներ, ասենք` Սեւանի, Դիլիջանի ազգային պարկերը, Սոսիների պուրակը, որոնք բնապահպանության նախարարության ենթակայության ներքո են»,- ասաց Մարտուն Մաթեւոսյանը:
Ինչպես նշեց Մարտուն Մաթեւոսյանը` Հայաստանի ֆինանսատնտեսական վիճակով պայմանավորված` անտառվերականգնման աշխատանքները վերջին տարիներին մեր երկրում սկսել են իրականացվել միջազգային կազմակերպությունների կողմից:
«Ցավոք, մեր պետական բյուջեն չի կարողանում անտառվերականգնման աշխատանքներ իրականացնել, այդ պատճառով մենք աշխատում ենք միջազգային կառույցների, մասնավորապես GIZ-ի, WWF-ի, Եվրամիության ֆինանսավորմամբ»,- նշեց նա:
Չնայած տարվող աշխատանքներին, Մարտուն Մաթեւոսյանի խոսքով, անտառային տարածքների թիվ մեկ խնդիրը ինչպես 90-ական թթ-ին, այնպես էլ հիմա, շարունակում են մնալ ապօրինի անտառահատռումները:
«Հետազոտությունները ցույց են տվել, որ 2004թ-ին արվող ծառահատումների մեծ մասը սոցիալական պայմաններով են պայմանավորված: Այսինքն` հատումների 90 տոկոսի դեպքում մարդիկ ծառահատում են իրականացրել տաքանալու համար: Այժմ ապօրինի ծառահատումներն անհամեմատ նվազել են. Համեմատելու համար նշեմ, որ 2003թ գազի բաժանորնդների թիվը Հայաստանում 100.000 էր, 2013-14թթ` 650.000»,- նշեց նա:





























