ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 21-ին, ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ներկա է գտնվել ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքների մեկնարկին, որին մասնակցել են ԶՈւ բոլոր զորամիավորումների հրամանատարները, շտաբների, զորատեսակների ծառայության պետերը, ուժային կառույցների ղեկավարությունը, ռազմական ինստիտուտների ղեկավարությունը, ինչպես նաեւ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները: Օպերատիվ հավաքներն անցկացվում են 2016թ. Զինված ուժերի գործունեության եւ պատրաստության պլանի համաձայն եւ նպատակ ունեն կատարելագործել հրամանատարների ու նրանց շտաբների տեսական եւ գործնական ունակությունները, ռազմավարական եւ օպերատիվ-մարտավարական օղակների կառավարման մարմինների ներդաշնակության աստիճանը, բարձրացնել ԶՈՒ ղեկավար կազմի մասնագիտական պատրաստության մակարդակը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հանրապետության նախագահին զեկուցել է հավաքների ընթացքում ծրագրով նախատեսված միջոցառումների մասին: Ըստ նախարարի, դրանք կեզրափակվեն ռազմավարական հրամանատարաշտաբային զորախաղերով, որոնցում հաշվի կառնվի ներկայիս տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակը:
Նախագահը ողջունել է հավաքի մասնակիցներին եւ կարեւորել միջոցառման անցկացումը մի քանի տեսանկյունից, այդ թվում՝ այն, որ վերոնշյալ նպատակներից բացի, հավաքները պետք է ծառայեն այլ զորքերի, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության ներդաշնակեցմանը: Մասնակիցներին նաեւ հնարավորություն կընձեռնվի ծանոթանալու պաշտպանության բնագավառի տարբեր ոլորտներում ընթացող զարգացումներին, հրատապ հարցերին եւ կարծիքներ փոխանակելու դրանց վերաբերյալ: «Ընթացիկ հավաքի կարեւորությունը պայմանավորում եմ առաջին հերթին այն հանգամանքով, որ այն անցկացվում է Հայաստանի անվտանգության միջավայրի վրա ազդող արտաքին զարգացումների եւ մեր պետության ներքին կյանքում, կառավարման համակարգում տեղի ունեցող սահմանադրական փոփոխությունների փուլում, մի շարք կարեւոր գործընթացների ավարտին եւ զարգացման նոր շրջափուլի մեկնարկին, ինչը մեզանից յուրաքանչյուրից նոր մոտեցումներ եւ նոր ջանքեր է պահանջում»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Հանրապետության նախագահն իր խոսքում անդրադարձել է անցյալ տարեվերջին կայացած հանրաքվեի արդյունքում ՀՀ Սահմանադրության փոփոխություններին եւ կարեւորել օպերատիվ հավաքների ընթացքում քննարկումը, թե ինչպիսին են նոր Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության հանդեպ հավանական սպառնալիքների կանխման նպատակով կատարված բարեփոխումները: Սերժ Սարգսյանը խոսել է 2015թ. վերջին ավարտված՝ Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի արդյունքների մասին՝ նպատակահարմար համարելով, ըստ հաստատված պլանի, հավաքի մասնակիցներին իրազեկել առաջիկա հինգ տարիներին Զինված ուժերի զարգացման հիմնական սկզբունքների եւ մոտեցումների մասին:




























