ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ տպավորություն չի ստացել, որ հանձնաժողովը հակված է քվեարկված ցուցակների հրապարակմանը։ Այս մասին նա ասաց NEWS.am-ի հետ զրույցում։
«Վենետիկի հանձնաժողովի հետ փորձագետների հետ հանդիպման ժամանակ առնվազն տասը անգամ ես ուղիղ հարց եմ ուղղել Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին՝ «այո» կամ «ոչ» պատասխան ակնկալելով։ Ես չստացա տպավորություն, որ իրենց կարծիքի մեջ, որը կլինի ապրիլի կեսերին, իրենք կողմ կլինեն ցուցակների հրապարակմանը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Նշենք, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը պնդում է, որ եթե քաղաքական ու քաղաքացիական կոնսոլիդացիա լինի քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակների հրապարակման պահանջի շուրջ, միջազգային կառույցներն ու իշխանությունն ընդառաջ կգնան այդ պահանջին։ Մինչդեռ Նաիրա Զոհրաբյանը պնդում է, որ Վենետիկի հանձնաժողովը հակված չէ այդ քայլին։
«Ընտրացուցակների շուրջ համախմբվածություն կարծում եմ կա, անգամ կոալիցիայի անդամ Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը կողմ արտահայտվեց այդ ընտրացուցակների հրապարակմանը։ Այսինքն՝ պարտադիր չէ, որ բոլորս ինչ-որ բարաթի տակ ստորագրենք։ Ես կրկնում եմ՝ Վենետիկի հանձնաժողովից չստացա տպավորություն, որ իրենք կողմ կլինեն ցուցակների հրապարակմանը։ Իրենք դա համարում են պրեսինգ իշխանության ձեռքին, սրանում իրենք վստահ են»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։
ԲՀԿ խմբակցության ղեկավարը վստահեցրեց, որ չնայած Վենետիկի հանձնաժողովի պնդումներին՝ միեւնույն է, եթե իշխանությունը որոշի հրապարակել այդ ցուցակները, որեւէ միջազգային կազմակերպության նկատառումը չի կարող խոչընդոտ լինել։ Բայց այս պարագայում իշխանությունը կընտրի միջազգային կառույցների այն դիրքորոշումը, որն իրեն ձեռնտու է։
«Վենետիկի հանձնաժողովը եթե գրի՝ կատեգորիկ դեմ է հրապարակմանը ու Հայաստանի կառավարությունը, որը ներկայացրել է նախագիծը, որոշի որ քվեարկված ցուցակների հրապարակումն ընդունելի է, Վենետիկի հանձնաժողովը տասը անգամ էլ գրի՝ կատեգորիկ դեմ է, իշխանությունը կարող է հրապարակել, որեւէ իմպերատիվ պայման, որ պետք է ընդունել որեւէ միջազգային կառույցի նկատառումներն, իհարկե չկա, որոշողը հայաստանյան քաղաքական ուժն է»։





























