Օրերս Երեւանի «Օպերա Սուիթ Հոթել» հյուրանոցում կայացավ «Կամա» առեւտրի տուն» ՍՊԸ ներկայացուցիչների հերթական կոնֆերանսը: Այդ բավականին նշանակալի իրադարձությունը այս տարի կայացավ Հայաստանի մայրաքաղաքում՝ հաշվի առնելով «Կամա» ընկերության ներկայացուցիչ՝ «Մեծ Անիվի» վաճառքի բարձր ցուցանիշները։
«Մեծ Անիվ» ընկերությունը հանդիսանում է «Կամա»-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, որի անվադողերը հայ վարորդին հայտնի են KAMA, KAMA EURO և VIATTI ապրանքանիշերով:
Կոնֆերանսին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել շուրջ 20 երկրի 80 ներկայացուցիչ, որի ընթացքում ամփոփվեցին նախորդ տարվա արդյունքները եւ նշագծվեցին ընթացիկ տարվա ռազմավարական նպատակները:
«Կամա» առեւտրի տուն» ՍՊԸ գործադիր տնօրեն Ռաֆայիլ Բադրետդինովի խոսքով՝ ընկերությունը իր առջև խնդիր չի դրել, որ սպառողն ընտրի հենց իրենց արտադրանքը: «Անվադողերի շուկան բավական թափանցիկ է: Այսօր շուկայում առաջարկը, ցավոք, ավելի մեծ է, քան պահանջարկը: Այդ պատճառով իրենց մասին ավելի շատ բարձրաձայնում են այն ընկերությունները, որոնք հենց շուկայական առեւտրային պայմաններում որոշակի առավելություն ունեն: Մենք ամենաժամանակակից արտադրությունն ունենք ռուսական շուկայում: Բացի այդ, մեր գործարանը աշխարհում գերժամանակակից գործարաններից մեկն է, որը մենք պլանավորում ենք զարգացնել: Այն ընդգրված է «Տատնեֆտ» խոշորագույն նավթային ընկերության կազմում: Այդ պատճառով մենք առավելություններ ունենք, որոնք մենք պատրաստ ենք օգտագործել եւ կարող ենք ակնկալել Ռուսաստանի եւ ԱՊՀ շուկաներում վաճառքի մասնաբաժնի ավելացում, ինչը այժմ տեղի է ունենում նվազող շուկայի պայմաններում: Մենք պարտավոր ենք զգալ շուկան եւ դրա համար նման կոնֆերանսներ ենք կազմակերպում, որոնց ընթացքում համատեղ դիրքորոշումներ ենք մշակում մեր արտադրանքի հարցում: Վերջին հաշվով գները ձեւավորում է մեր սպառողը: Մեր խնդիրն է արձագանքել շուկային, ներկայացնել պահանջվող ապրանքը»,- նշել է գործադիր տնօրենը:
«Շատ գոհ ենք «Մեծ Անիվից», որն այստեղ ներկայացնում է մեզ: Նրանք հեռահար պլաններ ունեն, եւ մենք կասկած չունենք, որ հայկական շուկայում ընկերության ներկայացրած «Կամա» ապրանքանիշը հաջողություն կունենա»,- ասել է նա՝ նշելով, որ հայերը շատ լավ են վերաբերում ռուսական արտադրանքին, ռուսական ապրանքանիշին, այդ պատճառով դա հույս է ներշնչում, որ արտադրանքն այստեղ մեծ հեռանկարներ կունենա:
Բավականին լավատեսորեն է տրամադրված նաև արտահանման բաժնի ղեկավար Ելենա Խաբիբուլլինան. «Շատ ուրախ ենք, որ մեր կոնֆերանսը կայացել է Հայաստանում: «Մեծ Անիվը» մեր լուրջ հաճախորդն է այս երկրում: Մեր ընկերությունը լայնորեն ներկայացված է սպառման շատ շուկաներում, ինչպես ԱՊՀ-ում, այնպես էլ հեռավոր արտասահմանում: 2015թ. տվյալներով մեր ընկերության արտադրանքը ներկայացված է աշխարհի 48 երկրներում, մենք մեծացնում ենք արտադրանքի ծավալները վաճառքի աճին զուգահեռ»:
«Մեծ Անիվ» ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Արամ Մինասյանն իր հերթին նշեց. «Հպարտությամբ կարող եմ արձանագրել, որ մեր համագործակցությունը կայացել է: Որպես Հայաստանում այս ոլորտում առաջատար ընկերություն՝ մենք լրջորեն ենք մոտենում գործընկերների ընտրությանը՝ նախապատվություն տալով հուսալի ընկերություններին, որոնք ներկայացնում են միայն բարձրորակ արտադրանք: Այս պահին Հայաստանում ներկայացված են ընկերության 3 ապրանքանիշ՝ KAMA, KAMA EURO, VIATTI: «Կամայի» արտադրանքը առաջատար է վաճառքի ծավալներով»,- ասել է Մինասյանը՝ նշելով, որ խոսքը մատչելի գներով բարձրորակ ապրանքի մասին է, որը բավարարում է հայ վարորդների պահանջները:
Նշենք, որ «Մեծ Անիվը» անվադողերի, անվահեծերի, մարտկոցների, ավտոյուղերի և պահեստամասերի գործող ամենամեծ ցանցն է Հայաստանում, որի ներկայացված ապրանքանիշերը հասանելի են Հայաստանի բոլոր մարզերում և Լեռնային Ղարաբաղում:





























