Կուբայի իշխանությունները հույս ունեն, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորումը կնպաստի երկրի տնտեսություն միլիարդավոր օտարերկրյա ներդրումների հոսքին, գրում է The Wall Street Journal-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ Կուբան պլանավորում է տարեկան մոտ 2 մլրդ դոլարի չափով օտարերկրյա ներդրումներ ունենալ։ Երկրի իշխանությունները մոտ 250 տարբեր օբյեկտների ֆինանսավորման աղբյուրներ են որոնում, դրանց ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 9 մլրդ դոլար։
Սակայն թերթը կասկածի տակ է դնում այդ պլանների իրականացման հնարավորությունը։ Չնայած մասնավոր ձեռներեցների այցելություններին՝ 2014-ին նոր ներդրումային օրենքն ընդունելու պահից Կուբայի իշխանությունները հավանություն են տվել մոտ 30 օտարերկրյա նախագծերի։
Ամերիկացի գործարարները կարծում են, որ այդ մտահղացումները դժվար թե իրականանան Կուբայի այսօրվա «կոշտ իրողության» պարագայում։ Բացի այդ, թերթը ենթադրում է, որ առեւտրային էմբարգոն կոշտ սահմանափակումներ է դնում Կուբայի հետ առեւտրի եւ ներդրումների վրա, չնայած ԱՄՆ-ը դրանք աստիճանաբար թուլացնում է։





























