Ապրիլի 9-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկի, ինչպես նաեւ բնապահպանական այլ թեմաներ քննարկելու նպատակով Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը հանդիպել է բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչների հետ: Ներկայացվել են վերջին տարիներին մայրաքաղաքային շաբաթօրյակների եւ ծառատունկերի արդյունքները, այդ ուղղությամբ նախատեսվող առաջիկա անելիքները:

Երեւանում ծառերի կպչողականության ցուցանիշներն առանձին ծառատեսակների դեպքում հասնում են 90 տոկոսի: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, Երեւանի քաղաքապետարանում բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ապրիլի 9-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկին:

Բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչները նկատել են, որ դա ոչ միայն բացառապես ոռոգելի տարածքներում կազմակերպված ծառատունկի, այլեւ մայրաքաղաքի բնակլիմայական պայմաններին համապատասխան ծառատեսակների ճիշտ ընտրության արդյունք է: Ապրիլի 9-ին ծառատունկ կանցկացվի նաեւ Ծիծեռնակաբերդի անտառ-պուրակում, «Հաղթանակ» զբոսայգում եւ բուսաբանական այգում:

Անդրադառնալով ծառերի գարնանային էտի աշխատանքներին` քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը տեղեկացրել է, որ գործընթացը սկսվել եւ շարունակվում է բոլոր ագրոկանոններին համապատասխան: Ներկայում ընթանում են ծառերի ձեւավորման, իսկ առանձին ծառատեսակների դեպքում` նաեւ խորը էտի կամ այսպես կոչված երիտասարդացման աշխատանքներ, որոնք ըստ մասնագետների, հատկապես թեղիների ու սոսիների դեպքում, ծառերի կենսունակության ապահովման տեսակետից պարտադիր միջոցառումներ են: Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ խորը էտը ծառերի ճնշող մեծամասնության դեպքում գերազանց արդյունք է ապահովել:

Հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ նախորդ տարի ամռան տապի հետեւանքով հրդեհված առանձին տարածքների բուսականության վերականգնման եւ մայրաքաղաքի կանաչապատման ընդհանուր ծավալների տարեկան աճի, ըստ այդմ առաջիկա անելիքների, նորարարական մոտեցումների մասին: Բնապահպանության վարչության պետը տեղեկացրել է, որ քաղաքապետարանը պատրաստ է ծառեր ու թփեր տրամադրել ապրիլի 9-ի շաբաթօրյակ-ծառատունկին մասնակցելու պատրաստակամություն հայտնած բոլոր կազմակերպություններին: ՀԿ-ների ներկայացուցիչներն էլ իրենց հերթին վստահեցրել են, որ ակտիվորեն ներգրավվելու են ինչպես շաբաթօրյակի, այնպես էլ ծառատունկի աշխատանքներին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ձեւաչափով հանդիպում-քննարկումներն ավելի հաճախակի դարձնել: