Տավուշի մարզի Մովսես գյուղում 2015թ. սեպտեմբերի 18-ին սպանված, Բերդի տարածաշրջանի զինկոմ Դերենիկ Պապյանի հարազատները համաձայն չեն մեղադրական եզրակացության հետ:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում սպանված զինկոմի քույրը՝ Սուսաննա Պապյանը, պատմեց, որ գործով մեղադրյալ Արթուր Մկրտումյանը խրոնիկ հարբեցող է եւ դեպքի օրը համագյուղացիներն իր եղբորը խնդրել են կարգի հրավիրել նրան:
«Մեղադրական եզրակացությունը, թե եղբայրս ծեծել է, հայհոյել, ապատեղեկատվություն է: Չկա նման բան: Եղբորս բոլորն են ճանաչում, 20 տարեկանից Զինված ուժերում է: Մարդիկ նաեւ Արթուր Մկրտումյանին են ճանաչում, խրոնիկ ալկոհոլիկ է, դեպքի օրը համագյուղացիները փորձել են կարգի հրավիրել, սակայն ապարդյուն: Ստիպված եղբորս են կանչել, Մկրտումյանն էլ եկել է զենքով եւ կրակել»,- ասաց Սուսաննա Պապյանը:
Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 18-ին ժամը 21:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Մովսես գյուղում վիճաբանության ժամանակ, 41-ամյա Արթուր Մկրտումյանն իր 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական ողորկափող հրացանով կրակել էր Դերենիկ Պապյանի պարանոցին, ինչի հետեւանքով վերջինս մահացել է:
Արթուր Մկրտումյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորվել է:
Գործը քննվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջին դատական նիստը նշանակվել է մարտի 23-ին:




























