ԼՂՀ Պաշտպանության բանակի զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացած 19-ամյա ժամկետային զինծառայող Հովհաննես Հարությունյանի հարազատները վստահ են, որ Հովհաննեսին սպանել են, ոչ թե մահացել է զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով : Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննեսի հարազատներից տիկին Անահիտը` նշելով, որ մահացած զինվորը երկու տարի սովորել էր Արմավիրի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանում եւ լավ էր տիրապետում զենքին:

«Դեպքից արդեն մի քանի օր է անցել, բայց ծնողները հակված են այն մտքին, որ իրենց տղային սպանել են, որովհետեւ Հովհաննեսը չէր կարող սխալվել եւ վնասել իրեն: Անգամ Տիգրան Մեծի վարժարանի դասախոսները զարմացած էին, ասում էին, որ նման բան չի կարող լինել, որովհետեւ Հովհաննեսը շատ լավ էր սովորոմ եւ զանքի օգտագործման կանոններին քաջատեղյակ էր»,-ասաց տիկին Անահիտը :

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ քննչական կոմիտեից NEWS.am-ի թղթակցին հայտնել էին, որ Հովհաննես Հարությունյանին սպանել են, ոչ թե մահացել է զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով: Քննությամբ ձեռնարկված քննչական գործողություննների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ դիտավորյալ սպանություն է տեղի ունեցել: Գործով մեղադրանք է առաջադրվել Հարությունյանի ծառայակիցներից մեկին: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Նշենք, որ Հովհաննեսը երկու քույր եւ մեկ եղբայր ունի, ինքն ընտանիքի երրորդ երեխան էր: Նա սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքից էր, բնակվում էին Աշտարակի Մուղնի թաղամասում, զբաղվում անասնապահությամբ: Նրանք տուն չունեն, ապրում են ծանր պայմաններում:

 Հովհաննես Հարությունյանըը ծնունդով Արմավիրի մարզի Արեւիկ գյուղից էր, նրանց ընտանիքը տարիներ առաջ Արեւիկից տեղափոխվել է Աշտարակ:

Զինծառայողը զոհվել է մարտի 17-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: