Երեւանում կբացվի «Արցախյան բարիքներ» ցուցահանդեսը, որը շարունակական կլինի: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Տարոն Մարգարյանը նկատել է, որ նախանշված բոլոր ուղղություններով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող աշխատանքները հաջողված են եւ ընթանում են ըստ ժամանակացույցի:
«Երեւանի եւ Ստեփանակերտի, ինչպես նաեւ ԼՂՀ շրջանների միջեւ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Ամեն ամիս մեր պատվիրակությունները եւ աշխատանքային խմբերն այցելում են ԼՂՀ: Միայն անցած տարվա ընթացքում շուրջ 60 այց է իրականացվել ԼՂՀ, փոխադարձ 40 այցով էլ Արցախից են հյուրընկալվել Երեւանում: Այս համագործակցության շրջանակներում մենք իրականացնում ենք տարբեր ծրագրեր, որոնց ուղղությունները գնալով ընդլայնվում են»,- ընդգծել է քաղաքապետը:
Անդրադառնալով Երեւանում նախատեսվող «Արցախյան բարիքներ» ցուցահանդեսի անցկացմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է ըստ ամենայնի աջակցելու միջոցառման կազմակերպմանը:
«Մենք ողջունում ենք «Արցախյան բարիքներ» ցուցահանդեսի անցկացումը Երեւանում եւ պատրաստ ենք աջակցել նախաձեռնության կայացման հարցում: Համոզված եմ, որ ցուցահանդեսը կտա իր դրական արդյունքները եւ կկրի շարունակական բնույթ՝ օգնելով Արցախի արտադրողներին, նաեւ նպաստելով Երեւանում արցախյան ապրանքների առավել ճանաչելի դառնալուն»,- նշել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն իր գոհունակությունն է հայտնել երկու մայրաքաղաքների միջեւ իրականացված ծրագրերի վերաբերյալ եւ ընդգծել, որ իրապես շոշափելի արդյունքներ են գրանցվել համագործակցության բոլոր ուղղություններով:
«Այսօր ամեն արցախցու համար է տեսանելի Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ հաստատված համագործակցության հաջողությունն ու կարեւորությունը, որում մեծ է անձամբ Ձեր ներդրումը, պարոն քաղաքապետ: Ու համոզված եղեք, որ մենք իսկապես բարձր ենք գնահատում այն մշտական պատրաստակամությունն ու աջակցությունը, որ ցուցաբերվում է Երեւանի կողմից»,- նշել է Արթուր Աղաբեկյանը:
Նաեւ կարեւորելով Երեւանում «Արցախյան բարիքներ» ցուցահանդեսի անցկացումը՝ ԼՂՀ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Երեւանի քաղաքապետին՝ նախաձեռնությանն աջակցելու պատրաստակամության համար:
«Արցախում գործունեություն ծավալող ձեռնարկությունների համար Երեւանում ցուցահանդեսի կազմակերպումը հրաշալի առիթ է՝ ներկայացնելու սեփական արտադրանքը: Ու վստահ եմ, որ այս միջոցառումը համագործակցության նոր սկիզբ կդառնա երկուստեք հարաբերությունների ամրապնդման հարցում՝ նպաստելով Արցախի տնտեսության զարգացմանը»,- ընդգծել է ԼՂՀ փոխվարչապետը:
Հանդիպման շրջանակում ԼՂՀ-ում սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանը ցուցաբերած գործուն աջակցության եւ բանակ-հասարակություն կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար Երեւանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով:
Հարկ է նշել, որ «Արցախյան բարիքներ» ցուցահանդեսը կբացվի ապրիլի 2-ին` Երեւանի քաղաքապետարանի ճեմասրահում:



























