Գյումրիի կենդանաբանական այգու նախկին բնակիչները՝ Մաշա եւ Միշա արջերը, մարտի 23-ին կտեղափոխվեն Ռումինիայի հատուկ ապաստարան, որը նախատեսված է դժվար պայմաններում ապրած կենդանիների համար: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը: Նրա խոսքով՝ արջերը Հայաստանից կտեղափոխվեն անվերադարձ:

«Արջերն արդեն բավականին լավ վիճակում են, փոփոխությունն ակնհայտ է: Նրանք կտեղափոխվեն Ռումինիայի հատուկ ապաստարան, որը նախատեսված է այն կենդանիների համար, որոնք դժվարին պայմաններում են ապրել, հոգեբանական եւ առողջական խնդիրներ ունեն: Նրանք կարող են այնտեղ մինչեւ կյանքի ավարտը բարեկեցիկ կյանքով ապրել»,- նշեց Ռուբեն Խաչատրյանը:

ՀՀ Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի խոսքով՝ ե՛ւ արջերի, ե՛ւ առյուծների դեպքում  համապատասխան սննդակարգի մշակման, պատվաստումների, կենդանիներին ժամանակավոր կացարաններում տեղավորման գործընթացներն արվել են միջազգային նորմերին համապատասխան: 

Ինչպես նա նշեց, Բնապահպանության նախարարի կողմից ստեղծված աշխատանքային խումբն առաջիկայում  հանդես կգա օրենսդրական փոփոխությունների առաջարկություններով՝ կապված վայրի կենդանիներին պահելու եւ խնամելու  պայմանների խստացումների հետ:

«Մարտի 24-ին կլինեն առաջարկվող փոփոխությունների առաջին լսումները եւ մանրամասն կներկայացվեն այդ խստացումները. այսուհետ  այս կենդանիներին հնարավոր կլինի պահել միայն միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններ ապահովեու դեպքում»,- նշեց նա:

Խաչիկ Հակոբյանի խոսքով՝ նոր օրենսդրական փոփոխությունները կենդանիներին պահելու թույլտվություն ստացող անձանց կպարտավորեցնեն  համապատասխան տուրք վճարել, ինչի արդյունքում ձեւավորված ֆոնդը կուղղվի ոլորտում առկա խնդիրների լուծմանը: