Վարչապետ Հովիկ Աբրահամյանն անհեթեթություն է  համարում այն լուրերը, թե Հրազդանի քաղաքապետի ընտրություններում թեկնածուներից Սասուն Միքայելյանին իր «դաբրոն» է տվել: «Անհեթեթ խոսակցություններին չեմ ուզում անդրադառնալ»,- այսօր` մարտի 22-ին, լրագրողների հարցին պատասխանելով ասաց Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե ինքը հովանավորում է սահմանադրական բարեփոխումների «Ոչ»-ի շտաբը, Զուրաբյանին հորդորեց փաստեր ներկայացնել.«Թող Լեւոն Զուրաբյանը փաստեր ներկայացնի, մենք կպատասխանենք այդ հարցին»:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի տեղեկությունների`  մինչ ՀՀԿ-ն պետական ու սեփական լծակներով աշխատում է Արամ Դանիելյանի օգտին, որոշ տեղեկություններով՝ Սասուն Միքայելյանի օգտին բարեխոսելու համար վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ  հանդիպել է իշխանության հետ մերձեցած գործարար Խաչատուր Սուքիասյանը: Ըստ նույն տեղեկությունների՝ Աբրահամյանն էլ հորդորել է Կոտայքի մարզպետ, Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանին որոշակիորեն աշխատել Միքայելյանի օգտին: Նույն հորդորն է ստացել նաեւ Կոտայքի նախկին մարզպետ, վարչապետի խորհրդական Կովալենկո Շահգալդյանը: