Վայքում 2015-ի հոկտեմբերին ավազակային հարձակում կատարելու մեջ մեղադրվող 31-ամյա Լիանա Մանուկյանը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման: Մարտի 22-ին նման որոշում է կայացրել Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը:
Մեղադրող կողմը պահանջել էր 6,5 տարվա ազատազրկում: Լիանա Մանուկյանը միջնորդել էր գործը քննել արագացված կարգով:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մանուկյանի փաստաբան Նաիրի Բաղդասարյանը հայտնեց, որ պատրաստվում են բողոքարկել դատարանի կայացրած վճիռը:
«Առաջին ատյանի կայացրած որոշման հետ համաձայն չենք: Ամենայն հավանակությամբ, կբողոքարկենք որոշումը»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վայքի բնակչուհի, 31-ամյա Լիանա Մանուկյանը 2015թ. հոկտեմբերի 7-ին իրենց ավտոտնակում հագել է զինվորական կիսաբաճկոն, ավագ որդու ձմեռային կոշիկները, նախապես իրենց բնակարանից վերցնել կտորե ձեռնոցներ, կպչուն ժապավեն, խոհանոցային դանակ եւ իր հանցավոր մտադրություններն իրականացնելու նպատակով գնացել է Զոյա Ավագյանի բնակարան: Մուտքի մոտ արդեն Լիանան դիմակավորվել է զուգագուլպայով, հագել ձեռնոցները եւ խոհանոցային դանակը ձեռքին թակել Զոյա Ավագյանի բնակարանի մուտքի դուռը: Երբ վերջինս բացել է դուռը, Լիանա Մանուկյանը Զոյա Ավագյանին հրել եւ ապօրինի մուտք է գործել նրա բնակարան, որից հետո ձեռքին գտնվող դանակով հարձակվել Զոյա Ավագյանի վրա, դանակը պահել նրա պարանոցի շրջանին, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով Զոյա Ավագյանից պահանջել է հանձնել ոսկյա զարդեր:
Լիաննա Մանուկյանի հետագա գործողությունները խափանվել են Զոյա Ավագյանի օգնության կանչերի վրա եկած հարեւանների օգնությամբ:
Լիանա Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով, որը նախատեսում է ազատազրկում 6-10 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Խափանման միջոց է ընտրվել գրավը:




























