«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներից 5-ն ընդգրկվել են գործարանի  ներկա վիճակի ուսումնասիրմամբ զբաղվող նորաստեղծ աշխատանքային խմբում: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախկին նաիրիտցի Անահիտ Մանուկյանը:

«Երեկ հանդիպել ենք  նախարար Յոլյանի հետ, նա ասաց, որ նախկին աշխատակիցներից 5-ը՝ Արա Գեղեցիկ Կարեյանը,  Կարեն Իսրայելյանը, Շավարշ Զարգարյանը, Գագիկ Ավետիսյանը եւ Արմեն Դեմիրճյանը, կարող են հանձնաժողովի կազմում ընդգրկվել եւ առաջարկություններ ներկայացնել»,-ասաց տիկին Անահիտը:

Նրա խոսքով՝ նախարարը նաիրիտցիներին առաջարկել է նաեւ զբաղվել ներդրումներ անող ընկերությունների որոնման աշխատանքներով, ինքը զայրացրել է նախկին աշխատակիցներին:

«Մեզ ասում են՝ դուք էլ ներդրող գտեք, տեսեք՝ որտեղ կարող եք վաճառել ձեր արտադրած կաուչուկը: Նաիրիտցին որտեղի՞ց պետք է ներդրող գտնի: Դա կառավարության գործն է, մերը կաուչուկ արտադրելն է»,-ասաց տիկին Անահիտը:

Հիշեցնենք, որ ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից «Նաիրիտի» գործարանի  նախկին աշխատակիղներին  մարտի 21-ին հրավիրել են նախարարություն՝ փոխնախարարի հետ հանդիպման:  

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը մերժել է «Նաիրիտի» մի քանի տասնյակ նախկին աշխատակիցների պահանջը` կապված գործարանի հարցերով զբաղվող նորաստեղծ հանձնաժողովում նախկին աշխատակիցներից երկուսին ներառելու հետ

«Նաիրիտի» մի քանի տասնյակ նախկին աշխատակիցներ մարտի 17-ին նամակով դիմել են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանին եւ պահանջել գործարանի հարցերով զբաղվող նորաստեղծ հանձնաժողովում ներառել նախկին աշխատակիցներից երկուսին:

Հիշեցնենք, որ ձեռնարկությունը չի աշխատում 2010թ. ապրիլից: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն ասել էր, որ եթե լինի պոտենցիալ ներդրող, պետությունը պատրաստ է սառեցնել պարտքերը եւ վերագործարկել «Նաիրիտ» գործարանը: