Հունվարի 3-ին Հրազդան ԲԿ-ից բոտուլիզմ ախտորոշմամբ Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված, Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչ 50-ամյա Մանուչար Խաչատրյանը հիվանդանոցից դուրս գրվելուց մեկ օր անց մահացել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լեռնանիստի գյուղապետ Արտյոմ Հայրապետյանը` նշելով, որ 50-ամյա տղամարդը հիվանդանոցից մարտի 20-ին է դուրս գրվել եւ մարդտի 21-ին մահացել:

«Դուրս ա գրվել, բերել են տուն, մի օր անց մահացել է: Շատ վատ, ծանր վիճակում է եղել»,-ասաց նա:

Նշենք, որ «Արմենիա» բժշկական կենտրոնից NEWS.am-ին տեղեկացրել էին, որ Մանուչար Խաչատրյանի մոտ բոտուլիզմից հետո բարդություններ էին առաջացել, տղամարդը գտնվում էր ծանր վիճակում:

Մանուչար Խաչատրյանը ամուսնացած էր, ուներ 3 երեխա:

Ավելի վաղ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացել էին, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 5 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառ է դարձել սննդում տնային պայմաններում պատրաստված շուշանի եւ բամիայի պահածոների օգտագործումը: