Լոռու մարզի Հագվի գյուղի բնակիչները դեմ են, որ «Սեդվի էներգո» ՍՊԸ-ն գյուղի մոտով անցնող Սեդվի գետի վրա ՀԷԿ կառուցի։ Այս մասին այսօր` մարտի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետ Հայկասար Մայիլյանը: Նրա խոսքով, Սեդվի գետը գյուղի արոտավայրերը ոռոգելու միակ միջոցն է եւ եթե ՀԷԿ-ը շահագործվի` գյուղը կզրկվի ջրից, որն էլ մեծ վնասներ կհասցնի գյուղատնտեսությանը:

«Գետի ջուրը մեզ անհրաժեշտ է մեր գյուղատնտեսության զարգացման համար, գետը միակ միջոցն է մեր արոտավայրերը, այգիները ոռոգելու համար, անասնապահությամբ զբաղվելու համար: Եթե ՀԷԿ-ը կառուցվի, մենք ոչ այգի կունենանք, ոչ էլ բերք»,-ասաց նա:

Գյուղապետի խոսքով, գյուղացիները շարունակելու են պայքարել եւ ամեն ինչ անելու են, որպեսզի գետի վրա ՀԷկ չկառուցվի: ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ արդեն երկու անգամ հանրային քննարկում է տեղի ունեցել, 500 տնտեսություն ունեցող Հագվիի բնակիչները միաձայն դեմ են արտահայտվել ՀԷԿ-ի շահագործմանը։