Իշխանությունները կարծես թե պատրաստ չեն առանցքային պահանջներին ընդառաջ գնալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանը, որը նույնպես մասնակցում էր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ խորհրդարանական լսումներին:
«Այդ հինգ առանցքային հարցերում կարծես թե իշխանության մոտ զիջելու պատրաստակամություն չկա»,-ասաց նա:
«Ամեն երկրում քաղաքական կամքը կոռուպցիայի դեպքում շատ կարեւոր է: Ես 1989 թվականից ներգրավված եմ եղել ընտրական գործընթացներում եւ այս տարիների ընթացքում մի բան կարող եմ ասել, այն ընտրությունները, որ իսկապես կարող եմ համարել նորմալ, ոչ իդեալական, որի ընթացքում ընտրախախտումների նկատմամբ եղել է անհանդուրժողականություն իրավապահ մարմինների ու հանձնաժողովների մակարդակով, միայն 1990 թվականին է եղել»,-ասաց Վարուժան Հոկտանյանը:
Ըստ նրա` ժողովրդավարական ընտրությունների հաստատման համար անհրաժեշտ է քաղաքական կամք, այդ դեպքում միայն ցանկացած ընտրական օրենսգրքով հնարավոր է նորմալ ընտրություն իրականացնել: Հարցին, թե եթե իշխանությունը ընդառաջ չի գնում ընտրախախտումները կանխող առանցքային պահանջներին, ի՞նչ պետք է անի քաղաքացիական հասարակությունը, պատասխանեց. «Այն ինչ արվել է, մինչեւ հիմա: Փորձել վերահսկել `որքանով հնարավոր է, այդպես է եղել մինչեւ հիմա»: Հոկտանյանը հույս չունի, որ իրենց առացքային պահանջներից թերեւս գլխավորի` քվեարկված ցուցակների հրապարակման վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը կփոխվի:
Նշենք, որ 8 քաղաքացիական նախաձեռնություն եւ խորհրդարանական ուժ համախմբվել են Ընտրական օրենգրքի հետեւյալ 5 առաջարկի շուրջ:
1. Ընտրողների կողմից ստորագրված եւ լրացված ցուցակների հրապարակում։
2. Ընտրողների ցուցակների մաքրում՝ հարեւան Վրաստանում կատարված մոդելով: Մասնավորապես, պետք է պարզվեն հանրապետությունում չգտնվող քաղաքացիները եւ ընտրողների ցուցակների մեջ այդ անձանց անվան դիմաց լինի առանձին նշում՝ հանրապետությունից բացակայելու մասին:
3. Ազգային ժողովի ընտրությունների անցկացում համամասնական ընտրակարգով՝ համապետական պարզ (փակ) համամասնական ընտրացուցակներով, բացառելով տարածքային ու վարկանիշային ցուցակների կիրառումը։
4. Ընտրական տեղամասերում քվեարկության եւ քվեարկության արդյունքների ամփոփման ողջ գործընթացի տեսանկարահանում առնվազն 5 որակյալ տեսախցիկներով՝ որպես պետության պարտականություն: Տեսախցիկների տեսադաշտում կլինեն քվեատուփը, ընտրողների գրանցման եւ քվեաթերթիկների հատկացման գործընթացը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը:
5. Ընտրողներին մատնահետքերով նույնականացման համակարգի կիրառում կամ մատների թանաքոտման (այդ թվում՝ անզեն աչքով չերեւացող թանաքով) կարգի ներդրում։





























