Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ Լեւոն Նադարյանը պնդում է, որ գյուղում միակն է, որի ծիրանենիների բերքը ցրտահարությունից չի տուժել: Լեւոն Նադիրյանը վստահ է՝ դա այն բանի շնորհիվ է, որ ցրտահարութունից առաջ ծիրանի եւ խաղողի այգիներում քահանաները օրհնության կարգ են կատարել:
«Ես ամեն տարի ծաղկի շրջանում խնդրում եմ քահանաներին, օրհնում են ծիրանանոցը, մեծ արդյունք եմ ստանում: Մի տարվա ընթացքում երկու անգամ էլ տնօրհնեքություն են անում: Ասում են՝ ծուխ արեք այգին, ասում եմ՝ պիտի հավատքով մոտենաս, որ Աստված տա քեզ: Այսօր ենք գնացել այգի, 20 հատ ծաղիկ ենք պոկել, մի հատն ա փուչ դուրս եկել»,- NEWS.am-ին պատմեց Լեւոն Նադիրյանը:
Գյուղացու խոսքով՝ իր այգիներից մի քանի հարյուր մետր հեռու գտնվող այգիներում ծիրանենիները գրեթե ամբողջությամբ ցրտահարվել են: Նա ասում է, որ այս եղանակով ամեն տարի լավ բերք է ստանում, մի քանի տարի առաջ նույնպես հաջողվել է խուսափել ուժեղ ցրտահարությունից:
Լեւոն Նադիրյանը պատմում է, որ այգիների օրհնության շնորհիվ ոչ միայն լավ բերք է ստանում, այլեւ այգին հեռու է պահում օձերից:
«Այգում կարա օձ լինի, կարիճ լինի: Ես իմ դաշտում անգամ օձ չեմ տեսնում»,- ասում է նա:
Նշենք, որ մարտի 17-ին Դալարի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Եփրեմ քահանա Հարությունյանը եւ Արարատ գյուղի հոգեւոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանը Նադարյանի ծիրանի եւ խաղողի այգիներում կատարել էին օրհնության կարգ: Այդ եւ դրան հաջորդող գիշերներին ցրտահարություն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով Արարատյան դաշտում վնասվել է ծիրանենիների գրեթե 100 տոկոսը:



























