Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ բարեգործական ակտիվ գործունեության համար, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի գործադիր մարմնի եւ հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչներին, մի շարք անհատ բարերարների այսօր պարգեւատրել է պետական բարձր պարգեւներով:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգեւատրվել է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Լեւոն Սարգսյանը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝ «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Շահե-Հակոբ Կարամանուկյանը: Երախտագիտության մեդալի են արժանացել բարերար Սարգիս Կազանչյանը, Վիգեն Չանփարջին, Արթին Վարդանյանը եւ Արուշ Եսայանը:
ՀՀ նախագահի նստավայրում երեկոյան տեղի ունեցած պարգեւատրման արարողությանը Հանրապետության Նախագահը հանձնել է պարգեւները, շնորհավորել պարգեւատրվածներին եւ հայրենանվեր ձեռնարկումների համար շնորհակալություն հայտնել բարերարներին ու բոլոր նրանց, ովքեր որեւէ մասնակցություն են ունեցել «Փյունիկ» հիմնադրամի գործունեությանը: Նշելով, որ հիմնադրամը անցած տարիների ընթացքում տարբեր ոլորտներում բարեգործական բազմաթիվ ծրագրերի իրականցման նպատակով զգալի միջոցներ է ներդրել, որն արդեն մոտենում է հարյուր միլիոն ԱՄՆ դոլարի սահմանին, Հանրապետության Նախագահը կարեւոր է համարել ոչ այնքան այն, թե որքան գումարներ են ծախսվել, այլ «Փյունիկ»-ի հոգաբարձուների խորհրդի, անդամների, համակիրների կամեցողությունն ու շատ որոշակի գործերով ակտիվ մասնակցությունը մեր երկրի խնդիրների լուծմանը: Սերժ Սարգսյանը հատուկ շնորհակալություն է հայտնել «Փյունիկ»-ի համահիմնադիր, բարերար Գաբրիել Չենբերջյանին՝ պետության զարգացմանն ուղղված ծրագրերին անձնական միջոցներից կատարած հատկացումների, նվիրվածության եւ մշտապես Հայրենիքին օգտակար լինելու պատրաստակամության համար:
Իր խոսքում նախագահը բարձր է գնահատել մեր երկրում սոցիալական պատասխանատվություն ունեցող բոլոր կազմակերպությունների, գործարարների կամավոր բարեգործական ձեռնարկները՝ ընդգծելով, որ նրանք, հիրավի, կարեւոր ու մեծ գործ են կատարում:
«Փյունիկ» հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Նալջյանը հակիրճ ներկայացնելով «Փյունիկ»-ի անցած ուղին եւ գործունեությունը՝ նշել է, որ սփյուռքահայ բարերար Գաբրիել Չենբերջյանի եւ ՀՀ Հատուկ հանձնարարություններով դեսպան Լեւոն Սարգսյանի կողմից հիմնված «Փյունիկ» հիմնադրամը դեռեւս 1998 թվականից բարեգործական ծրագրեր է իրականացրել սփյուռքի հայկական գաղթօջախներում:
Ավելի ուշ՝ 2008 թվականից «Փյունիկ» հիմնադրամը լայն թափով լծվել է բարեգործությանը՝ կրթության, մշակույթի, արվեստի, սոցիալական ապահովության եւ առողջապահության ոլորտներում: «Ստեղծման օրվանից մինչ օրս հիմնադրամի գլխավոր առաքելությունն է եղել եւ շարունակում է մնալ մարդկային ռեսուրսների մեկտեղումը եւ դրանց արդյունավետ օգտագործումը՝ հօգուտ մատաղ սերնդի զարգացման եւ դաստիարակման:
Իրավամբ կարելի է «Փյունիկ» հիմնադրամի վերջին շրջանի ամենամեծ ձեռքբերումը համարել Արցախում՝ Գանձասարի վանական համալիրում, հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցված «Մեսրոպ Մաշտոցի» անվան մատենադարանի մասնաճյուղը, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 2015 թվականի նոյեմբերին: Հիմնադրամի միջոցներով վերանորոգվել եւ վերակառուցվել է Կոմիտաս վարդապետի անվան ինստիտուտ -թանգարանը:
«Փյունիկ» հիմնադրամն աջակցում է նաեւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին: Արդեն յոթ տարի է, ինչ հիմնադրամը ֆինանսավորում է Գյումրիի երաժշտական կյանքի վերածնունդը խորհրդանշող երաժիշտ կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ փառատոնը»,-նշել է հիմնադրամի գործադիր տնօրենը:

































