Հրազդանցին առաջին անգամ հնարավորություն կստանա` քաղաքապետի ընտրություններում այլընտրանքային թեկնածուի ընտրելու: Այսօր` մարտի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց Հրազդանի քաղաքապետի թեկնածու, «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արթուր Միսակյանը` անդրադառնալով ապրիլի 17-ին կայանալիք ընտրություններին:

«Հետաքրքիր իրադրություն է ստեղծվել, բովանդակային առումով հետաքրքիր է լինելու, քանի որ հրազդանցին առաջին անգամ վերջին քսան տարիների ընթացքում հնարավորություն կստանա` ընտրելու այլընտրանքային թեկնածուի»,- ասաց Արթուր Միսակյանը:

Թեկնածուի խոսքով` հրազդանցիները տեսել են եւ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի, եւ Սասուն Միքայելյանի կատարած աշխատանքները: Ըստ Արթուր Միսակյանի, ինքը ռեալ հնարավորություններ ունի` հաղթելու քաղաքապետի ընտրություններում. «Դաբրոն տալիս է հրազդանցին: Ում ընտրի հրազդանցին, նա էլ կհաղթի: Ես կոնկրետ հանդես եմ գալու իմ նորարարական եւ թարմ ծրագրերով, այլընտրանքային իմ գաղափարներով; Հրազդանի քաղաքացին պետք է որոշի` ինչքանով են իմ ծրագրերն իրատեսական, ինչ դրական եւ բացասական կողմեր ունեն, ըստ այդ կորոշի` իմ օգտին քվեարկի, թե ոչ»:

Թե ինչու պետք է հրազդանցին իր ձայնը տա հենց Արթուր Միսակյան թեկնածուին, վերջինը հիշեցրեց, որ իրենց խմբակցությունը (ՕԵԿ) 250-ից ավելի օրինագծի հեղինակ է. «Մենք համապետական նշանակության հարցեր ենք լուծում, իսկ տեղական նշանակության խնդիրները պետք է լուծի քաղաքապետարանը»:

Ինչ վերաբերում է «Օրինաց երկիր» կուսակցության վարկաբեկված լինելու լուրերին, Արթուր Միսակյանը պնդեց, որ նման բան չկա: «ՕԵԿ-ի վրա բիծ չկա, ո՞վ է չափել, թե հասարակության մեջ մեր հեղինակությունն ինչքան է: Քսան տարի շարունակ հասարակության մի ստվար հատված հավատացել է, քվեարկել է եւ այսօր արդեն «Հայկական վերածնունդ» կուսակցությանը հազարավոր մարդիկ են միացել»,- ասաց նա:

Նշենք, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածուները երեքն են` գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը եւ «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արթուր Միսակյանը: