Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ 14 ընկերություններ մեկ միասնական տաղավարով մարտի 23-26-ը Հայաստանի եւ Արցախի զբոսաշրջային գրավչությունները ներկայացնում են Մոսկվայում տեղի ունեցող «MITT’2016» զբոսաշրջային ամենամյա միջազգային ցուցահանդեսում: Ցուցահանդեսին այս տարի մասնակցում են ավելի քան 1800 ընկերություններ 192 երկրից:

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «MITT»-ն աշխարհի 5 խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկն է: Անցած տարի՝ «MITT՛2015»-ի արդյունքում, Հայաստանը ներկայացնող  14 զբոսաշրջային ընկերությունները 43 պայմանագիր են կնքել եւ սպասարկել հավելյալ 23 զբոսաշրջային խումբ: Նման հաջողությունները «MITT»-ն շատ լավ հարթակ են դարձնում Հայաստանի ու Արցախի զբոսավայրերի առավելությունները ներկայացնելու համար, եւ ուղղված են ամրապնդելու ու խթանելու Հայաստանի եւ Արցախի՝ որպես զբոսաշրջային գրավիչ երկրի կայուն եւ զարգացող վարկանիշը: Ցուցահանդեսը նաեւ մասնավոր հատվածի համար լավ հարթակ է` գործարար կապերի հաստատման, գործընկերների ու հաճախորդների հետ նոր պայմանագրերի կնքման, ինչպես նաեւ ներգնա զբոսաշրջության ծավալների խթանման համար: Մեր մասնակցությունը նպատակ ունի առավելագույնս իրացնել զբոսաշրջային ոլորտում առկա հայ-ռուսական համագործակցության մեծ ներուժը »,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:

Հայաստանը եւ Արցախը ներկայացնող ընկերություններն են՝ «Ջի2էյ», «Վարդանուշ Գրէնդմա», «Ամթրավել», «Վիզավի Տուր», «Ինտուր», «Օպերա Տուր», «Արմենիա Թրավել + Մ», «Լոռե Գրուպ», «Թուֆենկյան Հոսփիթալիթի», «Արմենիա Մարիոթ», «Արարատ Տուր», «Վիվառո Գեյմ», «Պանորամա Ռեսորթ», «Ջերմուկի Նոր Կյանք»։ Զբոսաշրջային ընկերություններից բացի, ցուցահանդեսին մասնակցում եւ գործարար առաջարկներ են ներկայացնում հյուրանոցային, ավիացիոն, առցանց ամրագրման բիզնեսը ներկայացնող ընկերությունններ: