Իշխող Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմելու` Դաշնակցության որոշումը դրական է, քանի որ այդկերպ իրենք կարող են ավելի օգտակար լինել ժողովրդին: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:
«Կարդացինք մամուլի մեջ, որ Դաշնակցության շարքերում ներքին պատերազմ կար: Նման տեղեկությունը պետք է հիմնված չլինի բամբասանքների վրա: Անշուշտ, միակարծիք չեն ընկերներն այս հարցի շուրջ: Վիճարկում կա, ինչը առողջ է, որովհետեւ սա թեթեւ որոշում չէ: Ինչպես կարող ենք օգտակար լինել ժողովրդին` կոալիցա կազմելով թե ընդդիմություն լինելով, որոշվեց, որ կոալիցիա կազմելով: Եւ նրանք, որ դեմ էին, նրանք նույնպես հասկանցան, որ ավելի շատ օգտակար կարող ենք լինել կառավարության ներսում»,- ասաց Մուրադ Փափազյանը:
Նրա խոսքով` կոալիցիայի շնորհիվ նաեւ Սփյուռքը մտավ Կառավարություն:
«Մենք միշտ ասում ենք` Հայաստան-Սփյուռք միասնականություն: Կուզեմ ասեմ, որ մշակութային օգտակարությունը, որ կարող է բերել Սփյուռքը, ավելի է մեծանում հիմա»,- նշեց նա:
Հարցին` արդյոք որոշումներ կայացնելիս Դաշնակցության կարծիքը հաշվի կառնվի, նա պատասխանեց. «Պայմանագիր մը ստորագրված է: Եթե լավ կարդաք, կտեսնեք` ով զիջած է»:





























