ԱՄՆ-ում Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալների կողմից ձերբակալված թուրք խոշոր գործարար Ռըզա (Ռեզա Զարրաբ) Սարրաֆին գրավի դիմաց ազատ արձակելու դիմումը մերժվել է դատարանի կողմից։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Մայամիում ձերբակալված Ռըզա Սարրաֆի փաստաբանը պաշտպանյալին գրավով ազատ արձակելու համար դիմել էր դատարան։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ դաշնային դատարանը մերժել է գրավի դիմաց ազատ արձակել Ռըզա Սարրաֆին։
Ռըզա Սարրաֆին ԱՄՆ-ում ձերբակալել են Իրանի հանդեպ պատժամիջոցները խախտելու, բանկային կեղծարարություն անելու եւ ԱՄՆ-ին թալանելու մեղադրանքով։
Նշենք, որ Ռեզա Զարրաբը Թուրքիայում ձերբակալվել էր 2013-ի դեկտեմբերի 17-ի «Մեծ կաշառք» գործողության ժամանակ։ Էրդողանի կողմից փոխված դատավորներն ու դատախազները ամեն ինչ արեցին «Մեծ կաշառք» գործով ձերբակալվածներին ազատ արձակելու համար եւ փետրվարի 28-ին արդեն բոլորը հայտնվել են ազատության մեջ։
Ռեզա Զարրաբը մեղադրվում է միլիոնավոր դոլարների մաքսանենգության եւ խոշոր չափերով կաշառքներ տալու մեջ։





























