Արցախում մարտի 11-ին մահացած ժամկետային զինծառայող Սարգիս Օհանյանի հարազատները բացառում են, որ նա կարող էր ինքնասպանություն գործել:
«Մինչեւ վերջին պահը Սարգիսը զանգել է մեզ, եթե խնդիր ունենար, մեզ կասեր: Ամսի 9-ին զանգել է, նորմալ խոսել, հետո ամսի 10-ին չի զանգել, մի օր հետո էլ իմացանք, որ մահացել է: Մենք բացառում ենք, որ նա կարող էր ինքնասպանություն գործել, անհնար է, նման բան չէր կարող լինել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մահացած զինծառայողի եղբայրը՝ Գոռ Օհանյանը:
Գոռ Օհանյանի պնդմամբ, իրենք տեղյակ չեն, թե ինչ է տեղի ունեցել, ինչու է մահացել Սարգիսը:
«Զորամասի հրամանատարների, ծառայակիցների հետ էլ դեռեւս չենք խոսել, ոչ մի վարկած չգիտենք»,- ասաց նա:
Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2016թ. մարտի 11-ին՝ ժամը 15:45-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում նռնակի պայթյունից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 19-ամյա Սարգիս Դավիթի Օհանյանը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Կատարվում է քննություն:
Նշենք, որ Սարգիս Օհանյանը Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքից էր:




























