Պարզվել է, որ Մյանմարի ապագա Ֆինանսների նախարար Քյաու Ուինի գիտական աստիճանը կեղծ էր:
68-ամյա Քյաու Ուինը հայտարարել է, որ ինքն էլ է ցնցված այս նորությունից: Նա վստահեցնում է, որ խոշոր խաբեբայության զոհն է դարձել, գրում է BBC–ի Ռուսական ծառայությունը:
Գիտությունների թեկնածուի աստիճանը նա ստացել էր Պակիստանի Brooklyn Park համալսարանում, որը ինչպես պարզվել է անցած տարի, դիպլոմների ու գիտական աստիճանների վաճառքով էր զբաղվում:
Քաղաքական գործչի կեղծ գիտական աստիճանը բացահայտվել է այն բանից հետո, երբ «Ազգային լիգան հանուն ժողովրդավարության» կուսակցությունը, որի անդամն է Քյաու Ուինը, հրապարակել է նրա ռեզյումեն:
Ռեզյումեում նշված էր, որ Քյաու Ուինը ստացել է գիտական աստիճան Brooklyn Park «ամերիկյան համալսարանում»: Սակայն սոցցանցերի օգտատերերը արագ կռահել էին, որ խոսքը ոչ թե ամերիկյան, այլ պակիստանյան բուհի մասին է: Քյաու Ուինի մամուլի քարտուղարն ասել է, որ կեղծ գիտական աստիճանը «ոչ մի նշանակություն չունի»:
«Ազգային լիգան հանուն ժողովրդավարության» ընդդիմադիր կուսակցությունը, որը ղեկավարում է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Աուն Սան Սու Չժին, նոյեմբերին հաղթել է երկրի պատմության մեջ առաջին խորհրդարանական ընտրություններում:
Երկրի խորհրդարանը նախագահ է ընտրել 70-ամյա Թխին Չժոյին, որը վերջին հիսուն տարվա մեջ առաջին նախագահն է առանց զինվորական անցյալի:
Ակնկալվում է, որ նրա միջոցով երկիրը փաստացի կկառավարի Աուն Սան Սու Չժին: Ըստ Սահմանադրության՝ «Ազգային լիգան հանուն ժողովրդավարության» կուսակցության առաջնորդն ինքը նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրել չի կարող, քանի որ նրա մոտ ազգականները օտար երկրների քաղաքացիներ են:
Ապագա նախարարների թեկնածությունները խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել Թխին Չժոն, որի լիազորությունների ժամկետը սկսվում է ապրիլի 1-ից:





























