Միգրացիոն պետական ծառայությունը մերժել է փախստականի կարգավիճակ տալ հայ-թուրքական սահմանը 2015թ. հոկտեմբերին հատած, Աֆղանստանի քաղաքացիներ, ազգությամբ թուրք Շոքաթ Ամինզային եւ աֆղան Սեդիղոլլահ Ալիզադեին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ծառայության ապաստանի հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը:

«Հանձնաժողովն ուսումնասիրել է եւ մերժել նրանց դիմումները, քանի որ տվյալները չեն բավարարել մեր օրենսդրության պահանջներին»,- ասաց Պետրոս Աղաբաբյանը:

Նշենք, որ Ամինզայի եւ Ալիզադեի գործով հերթական նիստը նշանակվել է ապրիլի 1-ին:

Հիշեցնենք, որ սահմանը հատած Ամինզան ու Ալիզադեն իրենց ցուցմունքներում նշել են, որ իրենց երկրից են փախել եւ հայտնվել են երրորդ երկրում, նույնիսկ սկզբում չեն իմացել, թե որ երկրի սահմանն են հատում: Նրանք դիմել էին հայկական կողմին՝ փախստականի կարգավիճակ ստանալու խնդրանքով:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Շոքաթ Ամինզային նախնական համաձայնության է եկել Սեդիղոլլահ Ալիզադենի հետ եւ հոկտեմբերի 6-ին հատել են հայ-թուրքական սահմանը, սակայն բռնվել են սահմանային ծառայություն իրականացնող աշխատակիցների կողմից:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: