Երեւանի ձուլման արտադրամասի աշխատակիցը 64-ամյա Գրիգոր Սեւոյանը  հոսանքամատակարարման կետում էլեկտրահարվել է եւ մահացել: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից:

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ, ինչն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։

Դիակի արտաքին զննությամբ տղամարդու ձեռքերի ափերի մեջ հայտնաբերվել են վնասվածքներ:

Նախնական տվյալներով՝ Գ.Սեւոյանը  2016թ. մարտի 22-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, ՍՊԸ-ի ձուլման արտադրամասի հոսանքամատակարարման կետում էլեկտրահարվել է եւ մահացել:

Նկատի ունենալով, որ նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ եւ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված առերեւույթ հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար հիմքեր՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։