«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հրապարակել է «Հայաստանում ազատ եւ արդար արտահերթ ընտրությունների անցկացման ճանապարհային քարտեզ»-ը: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն ակնկալում է դրա շուրջ ընդդիմադիր ուժերի եւ քաղհասարակության քննարկումների ու համախմբման գործընթացի ծավալում:

Ըստ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի նախագծի՝ առաջինը վարչախմբի հեռացումն է՝ քաղաքական եւ հասարակական ուժերը միավորվում են արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակի շուրջ:

1. Վարչախմբի հեռացում

վարչախմբի հեռացումն է՝ քաղաքական եւ հասարակական ուժերը միավորվում են արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակի շուրջ: Միավորված ուժերն իրազեկման միջոցով ներգրավում են ժողովրդական լայն զանգվածների: Ժողովուրդը վերջնագիր է ներկայացնում քրեական ռեժիմի պարագլուխներին՝ Ժողովրդի վստահության կառավարություն նշանակելու եւ արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջով: Ժողովուրդը խաղաղ քաղաքացիական անհնազանդության միջոցով (վարչական շենքերի շրջափակում, ճանապարհների ու փողոցների փակում եւ այլն) կաթվածահար է անում քրեական ռեժիմի կառավարման համակարգը՝ հասնելով իր վերջնագրի ընդունմանը և դրա պահանջի կատարմանը։

2. Անցումային կառավարում

Ժողովրդի վստահության կառավարությունն ապահովում է պետական կառավարման կայունությունը:

Ժողովրդի վստահության կառավարությունն ապահովում է բոլոր անհրաժեշտ պայմանները ազատ և արդար արտահերթ ընտրություններ անցկացնելու համար։

Սահմանադրական դատարանում սկսվում է ՀՀԿ-ի գործունեության արգելման վարույթ։

3. Ազատ եւ արդար արտահերթ ընտրությունների անցկացում

Իրավապահ մարմիններն ապահովում են ընտրական գործընթացը՝ խստորեն կանխելով ընտրակաշառքների, ընտրություններին միջամտելու և դրանց վրա ազդելու բոլոր այլ փորձերը։

ԶԼՄ-ներն ազատորեն լուսաբանում են ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին և քաղաքական ուժերին։

Քաղաքացիական հանրությունն ազատորեն վերահսկում է ամբողջ ընտրական գործընթացը»,-ասված է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի տարածած հաղորդագրության մեջ: