Ակնհայտ է, որ եվրոպական երկրները լուրջ խնդիր ունեն իսլամական երիտասարդութան այն սեգմենտների հետ կապված, որոնք գնալով ավելի են արմատականանում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով իսպանացի փորձագետ Յոս Բունստրան:
Նա հիշեցրել է, որ Բրյուսելում սարսափելի գրոհները հետեւեցին Փարիզում անցյալ տարի տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին: «Շատ հաճախ երիտասարդները Սիրիա են մեկնում «Իսլամական պետության» շարքերում պայքարելու համար: Նրանցից ոմանք վերադառնում են ԻՊ-ի սարսափներից հիասթափված եւ դարձյալ ձգտում են ինտեգրվել եվրոպական հասարակությանը, մինչդեռ ուրիշները Եվրոպայում ահաբեկիչների գործիք են դառնում», - նշել է Բունստրան: Նրա խոսքով, այդ խնդրի լուծումն առայժմ չի գտնվել: «Եվ իմ առաջարկներն իհարկե նոր չեն. սոցիալական քաղաքականություն Արեւմտյան Եվրոպայի երկրներում, որոնք գնալով ավելի շատ օգնության կարիք ունեն արմատականացումից խուսափելու համար, սերտ գործակցություն մահմեդական համայնքների հետ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Բելգիան, Գերմանիան եւ Նիդերլանդները` թուլացնելու հասարակության ներսում լարվածությունը մահմեդական եւ այլ քաղաքացիների միջեւ, ուժեղացնել հետախուզական ծառայությունների կողմից վերահսկողությունը եւ այդ հաստատությունների միջեւ միջազգային համագործակցությունը», - ընդգծել է Յոս Բունստրան: Բայց այստեղ, շարունակել է իսպանացի փորձագետը, կա նաեւ միջազգային կողմը. «Հարավային Կովկասի. Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի արմատականացած երիտասարդույթունը եւս Սիրիա է ուղեւորվում ԻՊ-ի շարքերում կռվելու համար, ինչպես նաեւ կարող է հարձակումներ մտմտալ Եվրոպայի սահմաններից դուրս: Դա անկասկած ավելի կարեւոր կետ է առաջիկա տարիներին Եվրամիության եւ նրա գործընկերների օրակարգում», - հավելել է փորձագետը:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելում երեք պայթյուն է տեղի ունեցել, երկուսը` օդանավակայանում եւ մեկը` մետրոյում: Պայթյունների համար պատասխանատվությունը ստանձնել է ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպությունը: Բելգիայի դաշնային դատախազ Ֆրեդերիկ Վան Լյովի տվյալների համաձայն, Բրյուսելում ահաբեկչական գործողությունների հետեւանքով ավելի քան 30 մարդ է զոհվել, ավելի քան 270-ը վնասվածք է ստացել:





























