Քաղաքացիական ակտիվիստ, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ մեղադրվող Վարդգես Գասպարիի պաշտպանները պահանջում են, որ գործով դատաքննությունը վերսկսվի: Այսօր` մարտի 23-ին, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում նրանք նման միջնորդություն ներկայացրին դատավոր Նելլի Բաղդասարյանին, որը, սակայն, հրաժարվեց քննարկել այն:

«Փորձում եք հայտարարություններով ձախողել դատական նիստերը, այդ կերպ բարձրացնելով ձեր վարկանիշը»,- ասաց դատավորը:

Փաստաբաններ Լուսինե Հակոբյանը եւ Դավիթ Գյուրջյանը պատճառաբանեցին, որ իրենք ծանուցված չեն եղել նիստի մասին, այնինչ  դատավորն իրենց բացակայությունն անհարգելի է համարել ու առանց իրենց հետազոտել ապացուցները: Նրանք նշեցին, որ դատարանը սահմանափակում է իրենց իրավուքները, զրկում է իրենց ապացույցների վերաբերյալ  հայտարարություններ անելու իրավունքից:

Միջնորդությունը ներկայացնելուց հետո նիստին ուշացումով ներկայացավ Գասպարիի մյուս պաշտպան Տիգրան Եգորյանը: Թեեւ փաստաբանի ուշանալու վերաբերյալ մյուսներն արդեն պարզաբանում էին ներկայացրել դատարանին, ասել, որ նա այլ դատական նիստի է, դատավորը Տիգրան Եգորյանից պատճառաբանություն պահանջեց ուշացման վերաբերյալ` նշելով, որ արդեն մի քանի նիստ նրա պատճառով ձգձգվում է:

Փաստաբան Լուսինե Հակոբյանը, որը նաեւ Տիգրան Եգորյանի կինն է, դատավորի հայտարարությանը վրդովված արձագանքեց.  «Փաստաբան Եգորյանի բացակայության պատճառով նիստը չի ձգձգվել»:

«Խնդրում եմ, անհեթեթ մտքեր մի արտահայտեք,  հարգելի Հակոբյան»,- հակադարձեց դատավոր Նելլի Բաղդասարյանը, ապա դիմեց Տիգրան Եգորյանին. «Ձեր տիկինը, հարգելի Եգորյան, միջնորդություն է ներկայացրել»:

Դատավորի դիմելաձեւը վրդովեցրեց փաստաբան Եգորյանին, նա պահանջեց չներխուժել իր անձնական կյանք. «Մենք փոքրիկ ունենք նաեւ, որն այսօր այստեղ չի»:

Դատավորն ի վերջո հրաժարվեց միջնորդությունը քննարկել, դատական նիստը հետաձգվեց երկու օրով, որպեսզի պաշտպանները ծանոթանան դատախազի ճառին եւ հանդես գան պաշտպանական ճառերով:

Փաստաբանները նիստից հետո լրագրողների հետ զրույցում դատարանի նման պահվածքը սխալ որակեցին: Նրանց խոսքով` դատավորը իրավունք չուներ դատական նիստի ընթացքում իրենց անձնական հարաբերություններին անդրադառնալ, այդ պահին իրենք երկուսն էլ հանդես էին գալիս որպես Վարդգես Գասպարիի պաշտպաններ: